Սանայում Իրանի դեսպանատանն ավիահարված հասցնելու մասին լուրերը հերքել են
РИА Новости գործակալությունը տեղեկացնում է ,որ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ գործող արաբական կոալիցիան հերքում է մեղադրանքը, թե Եմենի մայրաքաղաք Սանայում ավիահարված է հասցրել Իրանի դեսպանատանը: «Քննությունը ցույց է տվել, որ այդ հաղորդագրությունները կեղծ են, և դեսպանատան շրջանում որևէ գործողություն չի անցկացվել»,-ասված է կոալիցիայի տարածած հաղորդագրությունում: Ավելի վաղ լրատվամիջոցները՝ կոալիցիայի ներկայացուցիչների հղումով, հայտնել էին, որ ավիահարվածները Սանայում ուղղված են եղել հրթիռային սարքերի դեմ: Հիշեցնենք,որ Թեհրանը երեկ հայտարարել էր, որ արաբական կոալիցիայի հասցրած ավիահարվածներից վնասվել է Եմենում Իրանի դեսպանատունն ու դրա համար մեղադրել էր Էր-Ռիադին: Սաուդյան Արաբիան, որն օրերս խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, գլխավորում է Եմենում ապստամբների դեմ գործողությունը: Համաձայն իրանական կողմի պնդման՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է դեսպանատան անվտանգության ծառայության մի քանի աշխատակից:
