Կանխվել է Էրդողանին թունավորելու փորձը
Թուրքիայում արգելված համարվող «Գյուլենական շարժման» ներկայացուցիչները պլանավորել էին թունավորել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Թուրքական Sozcu պարբերականի կայքի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն: Նախարարը հաղորդել է, որ Գյուլենի շարժման որոշ անդամներ հաջողացրել են աշխատանքի տեղավորվել Թուրքիայի պետական կառույցներում: Սակայն հատուկ ծառայությունների զգոն աշխատանքի շնորհիվ՝ նրանք չեն կարողացել իրականացնել իրեն պլանները: Մուազզինօղլուն Էրդողանի դեմ նախապատրաստված մահափորձի վերաբերյալ այլ մանրամասներ չի հաղորդել: Հիշեցնենք, որ «Գյուլենական շարժման» առաջնորդը ամերիկաբնակ թուրք գործիչ, Էրդողանի երբեմնի համախոհ Ֆեթհուլլահ Գյուլենն է, ով այժմ համարվում է Էրդողանի հիմնական հակառակորդը: Թուրքական ուժային կառույցները բազմաթիվ հատուկ գործողությունների ընթացքում ձերբակալել են շարժման շատ անդամների՝ նրանց մեղադրելով երկրում պետական հեղաշրջման փորձ կազմակերպելու համար:
Artsakhpress.am