Բեքչյանը կհրապարակի Աթեշյանի նամակը
«Ակոս» պարբերականին տված հարցազրույցում Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը հայտնել է, որ Մարսելից վերադառնալուց հետո կհրապարակի պատրիարքական ընդհանուր փոխանորդի պաշտոնը լքելուց հրաժարվող Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի` իրեն հանձնված նամակը: «Ապրիլի 12-ին վերադառնում եմ: Վերադառնալուն պես կհրապարակեմ նամակը: Բացի այդ, կգրեմ նաև դրա մասին իմ գնահատականը»,-հայտնել է նա: Հարցին, թե ինչու չի մնում պատրիարքարանում, Բեքչյանն ասել է. «Աթեշյանից երկու բան խնդրեցի` իջևանելու տեղ և գրասենյակ իմ աշխատանքների, հանդիպումների համար: Աթեշյանն ասաց, որ գրասենյակ չի լինի: Ես էլ չցանկացա մնալ պատրիարքարանում»: Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը ապրիլի 6ին պատրիարքարանում տեղապահ ընտրված Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ հանդիպումից հետո նրան էր ներկայացրել պատրիարքի ընտրության գործընթացի առնչությամբ իր առաջարկները ներառող նամակը: Բեքչյանը հանդիպումից հետո հրապարակել էր հանդիպման մանրամասները:
