«Ծառուկյան» դաշինքի ներսում պայքար է սկսվել. 3 մարդ «աչք ունի» ԱԺ փոխնախագահի տեղի վրա
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Ծառուկյան» դաշինքում ներքին պայքար է սկսվել Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի համար: Բանն այն է, որ նոր Սահմանադրության համաձայն՝ ԱԺ երկու փոխնախագահի պաշտոններից մեկը բաժին է հասնում ընդդիմությանը: Տվյալ դեպքում խոսքը խորհրդարանում ամենամեծ խմբակցություն ունեցող ոչ իշխանական ուժի մասին է: Այդ խմբակցությունը «Ծառուկյան» դաշինքն է: Դաշինքի նախընտրական ցուցակի առաջին քառյակը՝ չհաշված Գագիկ Ծառուկյանին, պայքարում են այդ պաշտոնի համար: Հրապարակումների համաձայն, նախապես պայմանավորվածություն է եղել, որ ԱԺ փոխնախագահը պետք է լինի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Իշխան Զաքարյանը: Քաղաքական կուլիսներում, սակայն, որ իշխանությունները չեն ողջունում ինչպես նրա, այնպես էլ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Իսկ չորրորդ հորիզոնականը զբաղեցնող Վարդան Բոստանջյանի թեկնածությունն էլ Ծառուկյանն ինքը չի ցանկանում ներկայացնել: Երեկ մենք փորձեցինք որեւէ մեկնաբանություն ստանալ այս եւ այլ հարցերի վերաբերյալ, բայց դաշինքի անդամները Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցի պատասխանը չունենալու պատճառով խորը ընդհատակ են անցել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
