Էրդողանը «ձեռնունայն մնաց». ԶԼՄ-ներ
Public Radio International-ը գրում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Սիրիայի հետ կապված հաշվի չէր առել, որ իրավիճակը կարող է արմատապես փոխվել եւ իր դեմ շրջվել: Երկար ժամանակ Վաշինգթոնի պլանը ցանկացած եղանակով` անպայման Ասադի տապալմանը հասնելն էր, թեկուզ դա լիներ ապստամբներին աջակցելու կամ ՄԱԿ-ի բանակցությունների ընթացքում ճնշման աստիճանական ավելացման միջոցով: Սակայն, այս պլանն այժմ հարցականի տակ է: Էրդողանն ուզում է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի նկատմամբ կոշտ քաղաքականություն որդեգրեն, կանգնեցնեն ռուսական գործողությունը եւ թույլ չտան, որ ապստամբները վերջնականապես կապիտուլյացիայի ենթարկվեն Հալեպում, կարծում է Օկլահոմայի համալսարանի Մերձավորարեւելյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ջոշ Լենդիսը: «Թուրքիան զգում է, որ ԱՄՆ-ը եւ Եվրոպան երես են թեքել իրենից եւ իր անհեռատես մերձավորարեւելյան քաղաքականության հետեւանքով ինքը ձեռնունայն է մնացել»: Վաշինգթոնը, ամենայն հավանականությամբ, Սիրիայում «դուրս է գալիս խաղից», ինչը Ռուսաստանին հնարավորություն կտա հակամարտության մեջ առանցքային դեր խաղալ եւ արդյունքում տարածաշրջանում իր համար ավելի շահավետ իրավիճակ ստեղծել»,- նշում է Լենդիսը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
