ՀՀԿ թեկնածու Լուսինե Մեջլումյանը «ռեկորդային» ձայներ է հավաքել Լոռիում.
ՀՀԿ-ի ռեյտինգային կին թեկնածուներից «ռեկորդային» ձայներ է հավաքել Լոռիում ՀՀԿ վարկանիշային թեկնածու Լուսինե Մեջլումյանը՝ «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության տնօրենը՝ 4 հազար 722 ձայն։ 37-ամյա Մեջլումյանը «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի զարմուհին է: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը: «Ուշագրավ է, որ Ալավերդիում Լ․ Մեջլումյանը հետևում է թողել ՀՀԿ-ի տիտաններին՝ Կարեն Կարապետյանին, Արկադի Համբարձումյանին և Վահրամ Բաղդասարյանին, որոնք միջոցներ չխնայեցին շատ ձայներ ստանալու համար։ Իսկ ՀՀԿ-ից ամենաքիչ ձայներ ստացած թեկնածուն էլ Արարատի մարզից Ռիմա Օհանյանն է, որն «Արարատի հիվանդանոց» ԲԿ պոլիկլինիկայի տնօրենն է։ Նա ընդամենը 24 ձայն է ստացել։ ՀՀԿ-ի ռեյտինգային կանանցից երկրորդը Ռուզաննա Հակոբյանն է՝ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի զարմուհին, որը Գեղարքունիքում ստացել է 1398 ձայն։ Երրորդը Տավուշում առաջադրված Հասմիկ Ամիրյանն է՝ Իջևանի պետական վարժարանի տնօրենը, նա 1177 ձայն է ստացել։ Համեմատաբար լավ ցուցանիշ է գրանցել Շիրակի մարզի Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանը՝ 1005 ձայն, իսկ Արագածոտնում առաջադրված շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանի օգտին 216 մարդ է քվեարկել, փոխմարզպետ Նունե Մովսիսյանի օգտին՝ 566-ը», - հավելել է թերթը։
