Դավիթ Հարությունյան. ԱԺ ընտրություններն «աննախադեպ լավն» էին
ՀՀԿ ԳՄ անդամներից կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ ընտրություններն անվանել է «աննախադեպ լավ»: «Սա այն դեպքում, երբ ընդդիմադիր ուժերը և միջազգային դիտորդական առաքելություններն ու օտարերկրյա դեսպանները, անգամ ՀՀԿ որոշ թեկնածուներ պնդել են՝ ընտրությունների արդյունքների վրա մեծ ազդեցություն է ունեցել համատարած բաժանված ընտրակաշառքը ու վարչական ռեսուրսի կիրառումը», - մեկնաբանել է «Ժողովուրդ»-ը: Ըստ թերթի, Դավիթ Հարությունյանը փորձել է արդարացնել կատարվածը՝ ասելով, թե միշտ էլ լինում են բացասական երևույթներ. «Ես չեմ կարող դա ընդունել որպես բացարձակ ճշմարտություն: Ես կարող եմ հասկանալ, որ լինում են բացասական երևույթներ, ինչը խիստ քննադատելի է, ավելին՝ ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մասնակից քաղաքական գործընթացի պետք է իր կողմից ջանքեր գործադրի, որպեսզի նման թերությունները ոչ միայն բացահայտվեն, այլև՝ պատժվեն մինչև վերջ»:
