ՕՐՕ դաշինքի լիդերները փոխվե՞լ են
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Ինչո՞ւ ՕՐՕ դաշինքը, ունենալով բավականին ուժեղ թիմ և ցուցակի առաջին տեղերում հայտնի, հայրենիքի առջև ծառայություններ ունեցած մարդկանց, ունենալով բավականին սոլիդ նյութական միջոցներ ( իհարկե, զգալիորեն ավելի քիչ, քան` ՀՀԿ-ԲՀԿ-ն), ընտրություններում հանդես եկավ, մեղմ ասած, իր հնարավորություններից ցածր: Դրա մասին «պաշտոնապես» չի խոսվել և կարելի է միայն ենթադրություններ անել: Իմ տպավորությամբ՝ այդ դաշինքը ընտրարշավի կեսցի մի տեսակ «կոտրվեց»: Գուցե պատճառը Սամվել Բաբայանի ձերբակալությունն էր: Ի դեպ, նույնիսկ Բաբայանի հարցում ՕՐՕ-ն հստակություն չի մտցնում՝ նա քաղբանտարկյա՞լ է, «Սասնա ծո՞ւռ», թե խեղճ կալանավոր: Վերջին մեկ շաբաթում ՕՐՕ-ի լիդերներն այդ հարցում որևէ հայտարարություն չեն արել: Բայց լիդերների հարցում էլ պարզություն չկա՝ գուցե նրանք փոխվել են և իմ կողմից հարգված Սեյրան Օհանյանը, Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանն այլևս չեն առաջնորդում դաշինքը, ու այդ դերը ստանձնել են նույնքան հարգված Արմեն Մարտիրոսյանն ու Հովսեփ Խուրշուդյանը: Այդ փոփոխությունը նորմալ է, պարզապես դրա մասին պետք է հայտարարել: Շարունակությունը՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
