ՌԴ-ն դադարեցնում է Սիրիայում թռիչքների անվտանգության մասին հուշագիրն ԱՄՆ-ի հետ
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ դադարեցնում է Սիրիայում ավիապատահարների մասին հուշագրի գործունակությունը ԱՄՆ-ի կողմից Հոմս նահանգի Շայրաթի ավիաբազային հարվածներ հասցնելուց հետո: Այս մասին գրում է Vesti.ru-ն:Նախարարությունում նաև նշել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում արտահերթ նիստ անցկացնել, որպեսզի քննարկվի ԱՄՆ-ի կողմից սիրիական կառավարական զորքերին ուղղված հրթիռակոծումը: «Ռուսական կողմը դադարեցնում է Սիրիայում գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման մասին հուշագիրը: Ցանկացած մասնագետի համար պարզ է, որ հարվածներ հասցնելու մասին որոշումը Վաշինգտոնում ընդունվել էր դեռևս մինչև Իդլիբի իրադարձությունները, որոնք պարզապես որպես առիթ օգտագործվեցին ուժի ցուցադրման համար»,- նշվում է հաղորդագրության մեջ:
