Մարդ, որը ստիպեց Կրեմլին արտասվել. RFI
««Դեռևս ոչ մի արտիստի Կրեմլում այդքան բուռն ծափահարություններով չէին դիմավորել ու ճանապարհել»: Սև կոստյումով, սև վերնաշապիկով փոքրամարմին ծերունին ոտքի բարձրացրեց ամբողջ դահլիճը՝ ստիպելով բոլորին անդադար ծափահարել, իսկ կանանց՝ վերհիշել երիտասարդությունն ու արտասվել»,-Ֆրանսիայի միջազգային ռադիոյի `RFIի ռուսական ծառայությունն անդրադարձել է աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի մոսկովյան մենահամերգին: Հեղինակի՝ լրագրող Եկատերինա Բարաբաշի կարծիքով՝ Ազնավուրը մարդ է՝ առանց տարիքի, որի մի քիչ թուլացած ձայնը շարունակում է առաջվա պես առնական ու էրոտիկ հնչել: Նա նշում է, որ Ազնավուրը Կրեմլում ելույթ է ունեցել 2 ժամից ավելի՝ անձնվիրաբար երգելով և անտեսելով տարիքն ու դրա առաջացրած խոչընդոտները: «Այս բացառիկ մարդը կարողանում է մինչև վերջ տրվել հանդիսատեսին ու, միևնույն ժամանակ, կենսական ուժեր պահպանել հաջորդ «հերոսության» համար: Մի առիթով նա խոստովանել է, որ կարիերային վերջ տալու դեպքում ապրելու նպատակ չի ունենա: Անդրադառնալով Ազնավուրի ոչ բեմական կյանքին՝ հեղինակը նշում է, որ նա ունի 2 հայրենիք՝ Ֆրանսիան, որտեղ շանսոնյեն ծնվել է, և պատմական հայրենիքը՝ Հայաստանը: «Առաջինն Ազնավուրը սիրում է անսահման, իսկ 2-րդի նկատմամբ, ինչպես և արտագաղթողներից շատերը, իրեն մի քիչ պարտական է զգում: 1988թ. Գյումրիում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժից հետո Ազնավուրը հիմնեց ողբերգությունից տուժածների օգնության հիմնադրամ, որն ավելի ուշ վերածվեց «Ազնավուրը Հայաստանի համար» ասոցիացիայի: Երևանում կա Ազնավուրի անվան հրապարակ, իսկ Գյումրիում, որտեղ ծնվել է նրա հայրը, տեղադրված է շանսոնյեի արձանը: Ազնավուրի հոր անունը Միշա էր, ոչ թե Միխայիլ, այլ հենց Միշա: Եվ եթե նա շարունակեր ապրել Հայաստանում, նրա հանրահայտ որդուն այժմ կկոչեին Շահնուր Վաղինակ Միշայի Ազնավուրյան»,-եզրափակել է Բարաբաշը:
