ՀՀԿ թեկնածուն հետ է պահանջում իր տված ընտրակաշառքը. չի անցել ԱԺ
Շիրակի մարզի Բասեն գյուղից «Առավոտ»-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ պատգամավոր չդարձած ՀՀԿ թեկնածուներից մեկը հետ է պահանջում իր տված ընտրակաշառքը: Այստեղ ևս, ինչպես Գյումրու Անի թաղամասում, թեկնածուի շտաբի աշխատակիցները՝ ցուցակները ձեռքներին, տնետուն ընկնում ու հետ են պահանջում մեկ ձայնի համար տված 10 հազար դրամը: Եվ երբ բնակիչները հրաժարվում են վերադարձնել, թեկնածուի շտաբի աշխատակիցները սպառնում են 10 հազար դրամի դիմաց գույք տանել տնից: Բանն այն է, որ Բասենում կան ընտանիքներ, որոնք 60-70 հազար դրամ են վերցրել ու խաբել թեկնածուին: «Առավոտ»-ը այս խոսակցությունների իրական լինելը պարզելու նպատակով զանգահարել է Բասենի գյուղապետ Համլետ Պետրոսյանին: Թերթի հարցին՝ ի՞նչ է կատարվում Բասենում, ինչ վիճաբանություններ են բնակիչների հետ ընտրակաշառքը վերադարձնելու թեմայով, գյուղապետն ասել է, որ այդ պատմություններից տեղյակ չէ: Գյուղապետը նաև կատակել է ասելով. «Ձեզ ահազանգողին մի հատ հարցնեիք, թե վերցնելուց, որ վերցնում էիր, հետ տալուց ինչի՞ չես տալիս: Ինչի՞ էին վերցնում, որ հիմա էլ կրակն ընկնեն, ես որ չվերցրեցի, մեռա՞»:
