Ցավում եմ, որ մեր հասարակության մի հատվածը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց.Արմեն Ամիրյան
«Մշակվում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Անհրաժեշտ է վերանորոգել Թատրոնի ներկայիս, թող ներվի՝ գարշահոտ սանհանգույցները։ Խորհրդային շրջանի կայարանային սննդի կետերի փոխարեն պետք է գործի բարձրակարգ ռեստորան, որն աշխատանքային ժամերին հատուկ սննդակարգով կսպասարկի Թատրոնի անձնակազմին, իսկ երեկոյան Օպերային թատրոնի այցելուների համար կստեղծի համապատասխան միջավայր և մթնոլորտ։ Այդտեղ պետք է կազմակերպվեն հյուրասիրություններ, ընդունելություններ, ներկայացումների շնորհանդեսներ։ Իսկ այսօր առկա գիշերային ակումբը պետք է վերանա, և դրա փոխարեն պետք է ստեղծվի մանկական օպերային ներկայացումների դահլիճ։ Պետք է կարգի բերվեն բեմի ետնամասում տեղակայված հանդերձարաններն ու հարդարման սենյակները, նույն վայրում արտիստների համար պետք է գործի շոգեբաղնիք և մարզասրահ՝ բեմական ճիշտ և ներկայանալի կեցվածք մշակելու համար : Արմեն Ամիրյանն ասաց, որ օպերային թատրոնը բարձր արվեստ պրոպագանդելու համար է, հայ դասական երաժշտությունը հանրահռչակելու համար է: «Անշուշտ պետք է լինի պետության հովանու ներքո և ամեն բան ծառայի օպերայի արտիստներին»,- նշեց մշակույթի նախարարը: Հարցին՝ պետական բյուջեի՞ց է հատկացվելու ֆինանսը, նախարարը պատասխանեց. «Այո, այո»: Ցավում եմ, որ մեր հասարակության մի հատվածը ռեստորանն ընկալում է միայն որպես խորովածանոց, իսկ արտիստների համար նախատեսված հանդերձարաններն ու պրոֆեսիոնալ շոգեբաղնիքը նույնացնում է իր տեսած ու պատկերացրած «չգիտեմինչի» հետ։ Վաղուց ժամանակն է, որպեսզի մեր Օպերային թատրոնը և′ արտիստների, և′ այցելուների համար ապահովի քաղաքակիրթ պայմաններ։ Թատրոնը սկսվում է հանդերձարանից»։
