Ամենավատն այն է, որ գումար վերցնողը չի ամաչում իր քայլից.Վահան Արծրունի
Երգիչ, երգահան Վահան Արծրունու կարծիքով էլ` ընտրությունները ուղղորդվեցին գործընթացներով, որոնք օրենքից դուրս էին: Երգահանը նման կարծիք հայտնեց Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում,անդրադառնալով անցկացված խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքներին :Ըստ նրա` եթե մարդու` ազատ ընտրելու իրավունքը պաշտպանված է, ձայների բաշխումն արդարացված է լինում, բայց մեր պարագայում նույնիսկ հանցավոր գործոններն էին աշխատում: Ուստի մեր դեպքում իրավունք չունենք աշխարհում ընթացող ժողովրդավարության դիրքերից խոսելու,ասում է նա: «Ժողովրդավարությունն իրականում բարոյականության դրսևորում է, մարդիկ էլ շատ «բարոյական» գտնվեցին` վերցնելով փողն ու ընտրելով նրան, ումից վերցրել էին ընտրակաշառք: Սա հասարակության այլասերում է, երբ ինքն իր բարոյականության դրսևորումն անբարոյականության մեջ է տեսնում: Ամենավատն այն է, որ գումար վերցնողը չի ամաչում իր քայլից: Կարծում եմ` Հաց բերողի մարտիրոսությունը` հանուն արդարության, այն նշանն է, որի բարձունքից պիտի դատենք ինքներս մեզ»,- ասաց Արծրունին: «Ընտրությունից հետո Էդուարդ Շարմազանովն իր երեկվա ելույթում անդրադառնալով իրենց կուսակցական Առաքել Մովսիսյանի խորհրդարան չանցնելու հանգամանքին՝ ասում է մի բան, որ բացահայտորեն նկարագրում է մեր երկրի ներկա իրավիճակը: Նա իր ելույթում մասնավորապես նշում է՝ կուսակցությունը մի մեծ ընտանիք է, և այն ունի իր հայրը, ով իր անդամներին փողոցում չի թողնի: Սա այլ լեքսիկայով բացատրելու և հասկանալի դարձնելու համար մենք պետք է հասկանանք, որ տվյալ պարագայում Հանրապետական կուսակցությունը դիտարկվում է՝ որպես թայֆա, որն ունի իր պախանը, և թայֆան իր անդամներին բաց երկինքի տակ չի թողնի: Այլ կերպ ասած՝ սա մաֆիայի նկարագրություն է, որը վեր է դասվում պետությունից, պետական շահից և օրենքից»,ասում է նա: Սոնա Դավթյան
