«Աշխատելու ենք 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը».նախարար
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ արտակարգ ռեժիմով աշխատելու հորդորին: «Արտակարգ ռեժիմը բառի բուն իմաստով նշանակում է, որ մենք պետք է շարունակենք աշխատել ոչ թե մեզ տրված ութ ժամը` օրական ռեժիմով, այլ աշխատելու ենք 10-12 ժամ՝ ներառյալ շաբաթ օրերը»,- ասաց նա: «Կատարելու ենք մեր առջև դրված խնդիրները: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ շատ ավելի բարձր նշաձող ենք վերցրել, քան այլ հավասար պայմաններում կարող է իրականացվել, դրա համար մենք պարտավոր ենք աշխատել շատ ավելի երկար»,ասաց Արամյանը: Իսկ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն էլ ասաց, որ վարչապետի հայտարարությունը նշանակում է՝ ավելի ակտիվ պետք է աշխատենք, որ առաջին հերթին մարդիկ դա զգան մեզ վրա:
