Օպերային թատրոնում շոգեբաղնիք պետք է լինի.Արմեն Ամիրյան
«Մշակվում է Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ենթակառուցվածքների նախագիծ՝ սկսած սանհանգույցներից, պատշգամբներից, մինչև բեմ: Այսօր մշակվում է ծրագրային, խաղացանկային քաղաքականություն»,- լրագրողներ հետ զրույցում ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: Անպայման պետք է լինի երկրորդ բեմը՝ մանկական օպերային ներկայացումներ պատրաստելու համար,ասաց նա: Արմեն Ամիրյանն Օպերայի թատրոնում ռեստորան կառուցելու մասին նախագիծը քննադատող արվեստագետներին խորհուրդ է տալիս մանրամասն ուսումնասիրել այլ երկրների փորձը: «Ես խորհուրդ կտամ իմ ավագ գործընկերներին, որպեսզի ուշադիր ուսումնասիրեն, թե աշխարհում ինչպես է դա արվում: Մենք պետք է գիտակցենք, որ աշխարհի ցանկացած օպերային թատրոններում այսօր կան բարձրակարգ սնունդ ապահովող վայրեր», - նշեց Ա. Ամիրյանը: Բացի այդ, նախարարը խոստացավ, որ նախագիծը պարտադիր դրվելու է հանրային քննարկման, որտեղ բոլորը կարող են իրենց կարծիքները հայտնել: «Ես խոստանում եմ միայն, որ նախագիծը, երբ ամբողջությամբ պատրաստ լինի, կդրվի հանրային քննարկման, որտեղ բոլորը կարտահայտեն իրենց կարծիքները: Ե՛վ համոզված, և՛ վստահ եմ, որ ծրագրվող նախագիծը գոհացնելու է բոլորին», - նշեց ընդգծեց: Ավելին, ըստ նրա, Օպերային թատրոնում պետք է նաև շոգեբաղնիք լինի՝ «սաունա»: «Պետք է լինի նաև մարզասրահ, պետք է լինի շոգեբաղնիք, որը Ձեզ մոտ հիմա շոկ է առաջացնում, բայց բալետի պարողների համար, արտիստների համար շատ կարևոր է, որ նրանք լինեն լավ մարզավիճակում, որպեսզի ավելորդ քաշը, ավելորդ ծանրությունը կարողանան նվազեցնել՝ լավ երգելու, լավ պարելու համար»,-ասաց նա: Ըստ Ամիրյանի՝ ժամանակին եղել է, որը քանդել են և կառուցել են տարբեր տիպի հաստատություններ. «Եղել է մարզասրահ, շոգեբաղնիք, ամեն բան, ինչ պետք է արտիստների համար»։ Արմեն Ամիրյանն ասաց, որ օպերային թատրոնը բարձր արվեստ պրոպագանդելու համար է, հայ դասական երաժշտությունը հանրահռչակելու համար է: «Անշուշտ պետք է լինի պետության հովանու ներքո և ամեն բան ծառայի օպերայի արտիստներին»,- նշեց մշակույթի նախարարը: Նախարարն ասաց, որ նախագիծը պետական բյուջեի հաշվին է լինելու, չնայած նրան, որ միայն ներսի արտիստների համար նման ենթակառուցվածքներով Օպերան այդքան էլ ֆինանսապես ձեռնտու չէ: «Ի՞նչ է՝ Օպերային թատրոնը շահեկա՞ն է։ Մենք Օպերա ենք պահում բարձր արվեստ պրոպագանդելու համար, մեր դասական երաժշտությունը հանրահռչակելու համար, և անշուշտ պետք է լինի պետական հոգածության ներքո և ամեն բան ծառայի Օպերային արտիստներին»,-ասաց նա: Սոնա Դավթյան
