Այս ընտրությունը եղել է ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև.Ստ.Սաֆարյան
Խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներով» առաջադրված թեկնածու Ստյոպա Սաֆարյանի համար շատ բարդ էր մտնել պայքարի մեջ՝ ունենալով անհավասար ռեսուրսներ:Այս մասին նա հայտարարեց Հայելի ակումբում հրավիրված ասուլիսում: «Այս ընտրությունը եղել է ընտրություն փողի և ավելի շատ փողի միջև: ՀՀԿ-ն տնօրինում է ամբողջ վարչական ռեսուրսը, իսկ մյուս դաշինքներն էլ ներսում միմյանց օժանդակում էին: Բայց հանրության բացասական վերաբերմունք չեմ տեսել մեր թիմի վերաբերյալ, «Ազատ դեմոկրատներին» հաջողվել էր հավաքել բավական ներկայանալի թիմ, բայց մենք բավական ուշ մտանք քաղաքական պրոցեսի մեջ, նկատի ունեմ նաև այն անհատները, ովքեր հրավեր էին ստացել ու միացել էին»,-ասաց նա: Մեր քաղաքական ուժը բավականին ուշ է մտել պայքարի մեջ, և դա իր անմիջական ազդեցությունն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա,ասում է նա և հավելում,որ արդյունքների վրա ազդեցություն ունեցավ նաև ֆինանսական ռեսուրսների սակավությունը: «Եթե ես իմ օրինակով ասեմ` փետրվարի 14-ի դրությամբ չգիտեի՝ մասնակցելո՞ւ եմ ընտրություններին, թե՞ ոչ: Ուշ մտնելով պրոցեսի մեջ՝ չես կարող ունենալ այն ելակետային հնարավորությունները, որոնք ունեին մյուսները: Շատ դժվար է մրցակցել և ունենալ համատարած ներկայացվածություն բոլոր մարզերում՝ ըստ որում ունենալով չափազանց համեստ ֆինանսական ռեսուրսներ:Քարոզարշավի ժամանակ չափազանց սակավ դրամական միջոցներ է օգտագործել »,- ասաց Սաֆարյանը: Նա նաև իրենց պարտության մասին խոսելով՝ նշեց, որ ֆինանսական ռեսուրսների բացակայությունն էր նաև խնդիր, բացի այդ հաղթանակի ասոցիացիա վերջին 10 օրերի ընթացքում ավելի քիչ սկսեցին կապել «Ազատ դեմոկրատների» հետ: ««Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը վերջին օրերին նաև հայտարարում էին, որ մեզանից բացի ոչ ոքի մի ընտրեք, քանի որ մյուսների շանսերը շատ ցածր էին»: Սոնա Դավթյան
