«Որ մեզ չմեղադրեն, որ պոպուլիզմով ենք զբաղվում». վարչապետ
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը կառավարության նիստում հայտարարեց, որ այս տարվա առաջին եռամսյակում հարկահավաքության` նախատեսվածից բարձր ցուցանիշների և տնտեսական աճի արդյունքում ստացված լրացուցիչ միջոցներն ուղղվելու են կապիտալ ծախսերին: Այս տարվա բյուջեով նախատեսված 3.2% տնտեսական աճը չի համապատասխանում իրենց հավակնություններին՝ միջնաժամկետում հավակնում են ունենալ շատ ավելի բարձր ցուցանիշներ: Դոնոր գործընկերների հետ քննարկել են և շուրջ 98 մլն դրամի չափով առանձնացրել այն ծրագրերը, որ կարելի է այս տարի իրականացնել: Կապիտալ ծախսերը կատարելու համար պետք է փոփոխություն մտցնել բյուջեում,ասաց նախարարը: «Մեկ լավ լուր` հարկահավաքումն առաջին եռամսյակում 1 տրլն 135 մլրդ ծրագիրը գերակատարել ենք 11.5 մլրդ դրամով, եթե կարողանանք այդ վարքագիծը պահպանել, իսկ մենք կարծում ենք, որ ՊԵԿ-ի գործընկերներն ագրեսիվ են, որ իրականացնեն բարեփոխումներ հարկային և մաքսային ոլորտներում, կկարողանանք կատարել: Շուրջ 50 մլրդ-ով կարող ենք բարձրացնել հարկային եկամուտները և միևնույն ժամանակ՝ կատարել կապիտալ ծախսեր»,- ասաց Արամյանը: «ՊԵԿ-ի աշխատանքն առաջին կվարտալի գնահատում ենք լավ: Եվ դա է մեզ իրավունք տվել նման գործողությունների գնալ: Երկրորդը` մենք այս քայլին գիտակցաբար գնում ենք և հատուկ ընտրությունների հաջորդ կառավարության նիստին ենք ասում, որ որևիցե մեկը մեզ չմեղադրի, որ պոպուլիզմով ենք զբաղվում»,- հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը:
