Յուրաքանչյուր մարզ պետք է ունենա 2-3 «չեմպիոն» ծրագիր
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հանձնարարեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարին` մեկշաբաթյա ժամկետում ընտրել համայնքային զարգացման լավագույն ծրագրերը և կառավարության աշխատակազմում կազմակերպել քննարկում: «Խոսքը գնում է յուրաքանչյուր մարզից երկու-երեք «չեմպիոն» ծրագրերի մասին: Խորհրդակցությանը ներկա կլինեն նաև մարզպետերը: Խորհրդակցության ժամանակ հայտարարելու ենք, թե ինչ պրինցիպով ենք ընտրում երկու հարյուր համայնքապետերին` գերմանական կառավարության հետ համապատասխան դասընթացներում, նաև հայտարարելու ենք, թե երբ են սկսվում մարզպետերի դասընթացները Ամերիկյան համալսարանում: Մեկշաբաթյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել առաջին վերլուծական նյութը համայնքային ենթակայության տակ գտնվող մանկապարտեզների ֆինանսական գործունեության ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ, նաև երեք շաբաթում ներկայացնել համայնքային ենթակայության տակ գտնվող դպրոցների ֆինանսավորման գործունեության, մարզերում աղբահանության և սանմաքրման ոլորտի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները»,- ասաց Կարապետյանը:
