Պետդեպի ղեկավարը Մոսկվայից պահանջում է
Եթե Դամասկոսի իշխանությունները, Ռուսաստանը և Իրանը չիրագործեն կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, դա կարող է հանգեցնել այլ ընթացքի՝ Սիրիա «լրացուցիչ ցամաքային զորքեր» մտցնելու: Այս մասին Orient հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին: «Եթե Ասադը չկատարի իր պարտավորությունները, իսկ իրանցիներն ու ռուսները նրան չստիպեն անել այն, ինչ իրենք խոստացել են… համաշխարհային հանրության անդամները, անխոս, պարզապես չեն նստի ապուշների նման և հետևեն դրան»,- ասել է Քերին: Պետդեպի ղեկավարը Մոսկվայից պահանջել է դադարեցնել այն շրջանների ռմբակոծությունները, որտեղ պետք է զինադադար պահպանվի, և կրկին Ռուսաստանին մեղադրել է Սիրիայում քաղաքացիական օբյեկտների ուղղությամբ ավիահարվածներ հասցնելու մեջ: Նա նաև դեմ է արտահայտվել հակամարտությանն Ասադի կողմից «Հըզբոլլահի» գրոհայինների և Իրաքից շիա աշխարհազորայինների մասնակցությանը՝ նշելով, որ նրանք տեղ չունեն Սիրիայում և պետք է վերադառնան հայրենիք: Քերին նաև կոչ է արել քաղաքական լուծում գտնել՝ հանուն Սիրիայի միասնության պահպանման: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ը հստակ տարանջատում է սիրիական ընդդիմությանն ահաբեկիչներից՝ վերջիններից թվում ներառելով բոլորին, ովքեր «մարդկանց են սպանում ըստ էթնիկ կամ կրոնական պատկանելության»:
