Մարտի 1-ին մեծ հանրահավաք. Րաֆֆին բացում է փակագծերը /տեսանյութ/
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը մարտի 1-ին հրավիրած հանրահավաքին արտահերթ լուծում կտա երկրում ստեղծված վիճակին: Այս մասին փետրվարի 12-ին Ազատության հրապարակում հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մարտի 1-ին մեծ հանրահավաք է լինելու, որի ընթացքում լուծում են տրվելու այն բոլոր հարցերին, որոնք դրված են այսօր»,-ասաց նա: Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ մենք ունենք քաղաքական բանտարկյալներ և հարկավոր է «հանցագործ» իշխանության դեմ պայքար ծավալել: Հովհաննիսյանը մարտի 1-ը և հոկտեմբերի 27-ը համարում է համազգային ցավի օրեր և նշում, որ այդ օրերը որևէ մեկի մենաշնորհը չեն.«Այդ օրվա զոհերը շարքային քաղաքացիներ էին, անկուսակցական ոստիկաններ և այս ցավը բոլորինս էր»,-հայտնեց նա`նշելով, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատին փետրվարի 25-ին լույս 26-ին արգելել են գիշերը մնալ Երեւանի Ազատության հրապարակում: «Ես մի բան կարող եմ զգուշացնել Սարգսյանին, որ որտեղ դրոշը, այնտեղ մենք: Եթե կա բռնության փորձ այս հրապարակի, մեր դրոշակի ու քաղաքացու նկատմամբ, մենք դրան պիտի դիմակայենք մեր ամբողջ ուժով: Մեր պայքարը շարունակվում է: Մենք պետք է դուրս գանք պրիմիտիվ պայքարից և անցնենք վճռական գործողությունների »,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
