ԱԱԾ-ում դեռ կան նվիրյալներ /տեսանյութ/
«Ազգային անվտանգության ծառայությունը շարունակելու է ժողովրդի ձեռքից իշխանությունը զավթած Սերժ Սարգսյանի իշխանությունը պահել: Մեծ նշանակություն չեմ տալիս` ումո՞վ փոխարինեցին Գորիկ Հակոբյանին»,-երեկ Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա ասուլիսի ժամանակ` անդրադառնալով մի տարեց քաղաքացու դիտարկմանը, թե ԱԱԾ-ն չի վերահսկում քաղաքում անառակաբարո գործընթացները, ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը: «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանն էլ ընդգծեց, որ ներքին քննարկմամբ վերլուծելով նոր նշանակումները` եզրահանգել են.«Ավելի վատ է լինելու: Դրական ոչ մի փոփոխություն չկա»: Սեֆիլյանը հավելեց, որ ԱԱԾ-ում դեռ կան նվիրյալներ, որոնք սպասում են իշխանափոխության: Հիշեցնենք, որ լրացել էր ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը, քանի որ վերջինս դարձավ 70 տարեկան: ԱԱԾ նոր պետ նշանակվեց 34 ամյա Գեորգի Կուտոյանը, ով օրեր առաջ նշանակվել էր ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Գորիկ Հակոբյանը ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվեց ՀՀ նախագահի խորհրդական: Աստղիկ Ավագյան Մանրամասները` տեսանյութում:
