Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու մասին մոռացեք. Ս. Սարգասյան. Մաս 2-րդ

Հարգելի՛ գործընկերներ, Նախորդ տարիներին մեկնարկած մարտահրավերները նորովի են ներկայանում նաև մեր տնտեսության առջև՝ առաջ բերելով նոր ջանքերի, տնտեսական ծրագրերի և յուրահատուկ մոտեցումների ներդրման հրատապ անհրաժեշտություն: Փոփոխված Սահմանադրությունը ժամանակի ընթացքում կապահովի նաև այն իրավական հենքը, որն անհրաժեշտ է տնտեսության զարգացման և ավելի արագ առաջ մղման համար: Սակայն առանց այսօրվա անհրաժեշտ գործողությունների համալիրի հնարավոր չի լինելու ապահովել առաջընթացը: Այսօր տնտեսական քաղաքականության պատասխանատուների օրակարգի առաջին հորիզոնականում պետք գտնվեն հետևյալ հարցերը. – Առաջինը մակրոտնտեսական կայունության հետագա ապահովումն ու ամրապնդումն է: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են գլոբալ զարգացումների համատեքստում մեր տարածաշրջանում և այլուր երկրները բախվում մակրոտնտեսական անկայունությունների հետ, որոնց ձգձգման պարագայում առաջ է գալիս տնտեսական ճգնաժամի վտանգ: Այս տեսանկյունից 2015 թվականը մենք բավականին սահուն անցանք, ցուցանիշներն էլ շահեկանորեն տարբերվում են մեր լայն տարածաշրջանի երկրներից: Հայաստանում 2015 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 3,1 տոկոս, որն ամենաբարձրն է մեր անմիջական տնտեսական միջավայրում: Միևնույն ժամանակ տարեկան միջին գնաճը կազմել է 3,7 տոկոս, որն ամենացածրն է այդ նույն միջավայրում: Նմանատիպ պատկեր ունենք նաև ազգային արժույթի վարքագծում: Հայկական դրամը դոլարի նկատմամբ 2015թ. դեկտեմբերի վերջին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատությամբ արժեզրկվել է 1,8 տոկոսով: Սա ազգային արժույթի արժեզրկման ամենացածր ցուցանիշն է նույն երկրների շարքում: Նշեմ նաև, որ 2015 թվականին հանրապետությունում միջին ամսական աշխատավարձն աճել է 7,8 տոկոսով՝ կազմելով 184 441 դրամ, ընդ որում աճը պետական համակարգում կազմել է 8,2 տոկոս, և 7 տոկոս՝ մասնավոր հատվածում: Արտաքին բացասական ազդակներն այսօր էլ շարունակվում են, և մենք աշխատանքի նույն տեմպը պահելու խնդիր ունենք: Այս առումով խիստ կարևորվում է հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների խելամիտ և էլ ավելի կոորդինացված իրականացումը: Հարկաբյուջետային քաղաքականությունը պետք է լինի դիսցիպլինար՝ մեծ ուշադրություն դարձնելով ինչպես հարկահավաքման սահունությանը, այնպես էլ ծախսերի կատարման արդյունավետության վրա: Բոլոր պետական գերատեսչությունները պետք է առավելագույն ջանքեր գործադրեն մեծացնելու յուրաքանչյուր ծախսված բյուջետային միջոցի ստեղծած արդյունքը: Թեև անցած ժամանակահատվածներում մեզ հաջողվել է ֆինանսական շուկաները զերծ պահել անհարկի վայրիվերումներից, ապագայում պետք է ապահովել անհրաժեշտ զգոնությունը՝ օպերատիվ կերպով հակազդելու ֆինանսական շուկաներ ներթափանցած բացասական ազդեցություններին: Վստահ եմ, որ Կենտրոնական բանկն ունի կարողություններ և մշակված անհրաժեշտ գործիքակազմ իր խնդիրներն իրագործելու և ժամանակին արձագանքելու արտածին բացասական գործոններին: – Հաջորդը ներդրումային միջավայրի հետագա բարելավումն է և նոր ներդրումների ներգրավումը: Այո՛, 2015թ. տնտեսական տարվա 3.1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը ներկա իրավիճակում, ի համեմատություն տարածաշրջանի և Հայաստանի գործընկեր երկրների, հարաբերականորեն վատ ցուցանիշ չէ: Սակայն տնտեսական աճի այդ մակարդակը բավարար չէ միջնաժամկետում հասնելու մեր հավակնություններին համարժեք սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակին: Այս առումով լրացուցիչ ջանքեր է պետք գործադրել գործարար միջավայրի բարելավմանն ուղղված գործընթացների արագացման և նոր ներդրումների ներգրավման ուղղությամբ: Ընդ որում, ընդունված կանոն է, որ արտաքին աշխարհից ներդրումների ներհոսքի համար մակրոտնտեսական կայունությունը և բարենպաստ բիզնես միջավայրը պարտադիր, սակայն ոչ բավարար պայմաններ են. անհրաժեշտ է կատարվող աշխատանքներին զուգահեռ մեր երկրի հարաբերական առավելությունները ներդրումներ կատարելու տեսանկյունից ճիշտ փաթեթավորել և արտաքին ներդրողներին ներկայացնել: – Տնտեսավարող սուբյեկտներին, այդ թվում՝ ՓՄՁ-ներին, անհրաժեշտ օժանդակության և տնտեսական խթանների տրամադրում: Յուրաքանչյուր երկրում տնտեսական առաջընթաց դիտարկվում է, երբ տնտեսավարողները գործունեություն ծավալելու և ընդլայնելու հստակ հեռանկար են տեսնում: Իսկ օբյեկտիվ գործոնների ներքո իրացման շուկաներում պայմանների վատթարացման դեպքում այդ հեռանկարները մշուշվում են՝ թուլացնելով տնտեսավարողների մոտ գործունեություն ծավալելու խթանները: Հետևաբար մեզ համար գերխնդիր պետք է լինի օպերատիվ կերպով ախտորոշել ներմուծման հետ մրցող և արտահանող ընկերությունների կարճաժամկետ և երկարաժամկետ խնդիրների առաջացման պատճառները և առկա գործիքակազմի զարգացման կամ նորի ստեղծման միջոցով նոր ազդակներ հաղորդել տնտեսավարողներին: Անհրաժեշտ է նաև ակտիվացնել պետություն-մասնավոր համագործակցության գործող հարթակները՝ այդ թվում գործող արդյունաբերական քաղաքականության շրջանակներում ստեղծված գործարար խորհուրդները, որոնք ավելի կդյուրացնեն վերոնշյալ խնդիրների լուծումը: – Եվ ի վերջո, այստեղ մեկ անգամ էլ հիշատակեմ այն սկզբունքները, որոնց մասին մենք միշտ խոսում ենք: Ինչպես արդեն պնդեցի քիչ առաջ, երբեք չեմ խորշելու կրկնել հիմնարար սկզբունքները: Խոսքս, իհարկե, տնտեսական կյանքում հավասար մրցակցային պայմանների ապահովման և հովանավորչության վերացման մասին է, պետական, համայնքային բյուջեների և վարկային միջոցների անձեռնմխելիության մասին է, խաղի նոր կանոնները անխտիր բոլորի վրա հավասարապես տարածվելու մասին է: Անշուշտ, այստեղ էլ կարելի է ասել, թե իրականությունը հետ է մնում հռչակած նպատակներից. դա իրոք այդպես է: Բայց նախ դա ամենևին չի նշանակում, որ առաջընթացը պետք է չտեսնելու տանք, և երկրորդ՝ դրված նպատակների և իրականության միջև առկա խզումը մեզ պետք է ոչ թե մղի չխոսելու նպատակների մասին, այլ պետք է մղի համարժեք քայլերով արագացնելու այդ նպատակների ձեռքբերումը: Հարգելի՛ գործընկերներ, Անշուշտ, Հայաստանի իրավիճակի քննարկումը հնարավոր չէ առանց արտաքին աշխարհի ազդեցությունը հստակ գնահատելու: Սակայն այստեղ պետք է հստակ գնահատենք արտաքին ազդակների տեղն ու դերը: Այո՛, մեր անմիջական արտաքին միջավայրը բարդ է, խճճված և հաճախ խիստ հակասական ու դժվարությունն այն է, որ շատ պարագաներում այդ միջավայրը նաև անկանխատեսելի է: Բացի դրանից, Հայաստանը համաշխարհային տնտեսական համակարգի մաս է կազմում, ուստի և չի կարող խուսափել նաև համաշխարհային շուկայի ազդակներից: Սակայն դա բնավ չի նշանակում, որ մենք այդ ամենի հետ պետք է համակերպվենք: Այն մտայնությունը, որ քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ, և Թուրքիայի կողմից իրականացվող շրջափակումը վերացված չէ, մենք լավ չենք ապրելու, անընդունելի է: Մեր երկրի կառավարման թերությունները այդ պատճառով չեն: Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումը շատ լավ գիտենք բոլորս և գիտենք վաղուց: Սակայն փաստն այն է, որ տարիներ շարունակ նրանց իրականացրած քաղաքականությունն այն արդյունքը չի տվել, որ իրենք կցանկանային տեսնել: Նրանք մեզ հետ փորձել են խոսել սպառնալիքի, պարտադրանքի և ուժի դիրքերից: Այդ ձևով մեզ հետ խոսելն անհեռանկար է և որևէ արդյունք չի տալու, ինչպես չի տվել մինչև այսօր: Արցախի հարցի շուրջ բանակցությունները շարունակվելու են: Մեր դիրքորոշումն անփոփոխ է. Արցախի խնդիրը լուծվում է Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ: Մնացած բոլոր հարցերն ածանցյալ են դրանից և իրենց տրամաբանական ու արդար լուծումն են գտնելու այդ խնդրի կարգավորմանը զուգահեռ: Քանի դեռ այդ հիմնական խնդիրը կա, քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որևէ այլ հարց լուծում գտնել չի կարող: Որևէ առաջընթացի հնարավորություն այս պահին չեմ տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում: Մենք այս պայմաններում ապրում ենք արդեն 25 տարի: Այս պայմաններին մենք արդեն ընտելացել ենք և հարմարվել: Մեր առաջընթացի հնարավորությունները մենք այս խնդիրների լուծման հետ չենք կապում և չենք կապելու: Մենք պետք է համակերպվենք այն մտքին, որ Մարտակերտից և Մարտունուց դեպի արևելք և Գյումրուց ու Արմավիրից արևմուտք մենք որևէ իսկական գործընկեր չունենք: Մինչև հիմա ապրել ենք առանց նրանց՝ ապահովելով զարգացման ավելի կամ պակաս տեմպեր: Համարենք, որ այնտեղ անհատակ ու անանցանելի ճահիճ է: Մեր մյուս երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ մեր հարաբերությունները զարգանում են բարիդրացիական մթնոլորտում: Ակնհայտ է, որ այստեղ մենք որևէ խնդրի չենք բախվել: Այս երկրների հետ փոխգործակցությունը մեզ համար թանկ է, և մենք նույն ոգով շարունակելու ենք աշխատել Թբիլիսիի և Թեհրանի հետ: Ընդհանուր առմամբ, մեր արտաքին քաղաքականությունը կանխատեսելի է և մշտապես հեռու է մնացել որևէ արկածախնդրությունից: Մենք մշտապես հանդես ենք եկել բոլորի հետ դրական և փոխադարձ հարգանքի, վստահության ու շահի հիման վրա ստեղծված հարաբերություններ ձևավորելու օգտին: Մենք երբեք չենք փորձել գործել մեծ տերություններին և կարևոր աշխարհաքաղաքական կենտրոնների հակադրությունների դաշտում, չենք փորձել էժանագին ու կարճաժամկետ այսրոպեական օգուտ ստանալ այդ ուժերի հակասություններից: Այժմ եկել է այս ամուր հիմքի վրա ևս մեկ քայլ առաջ կատարելու ժամանակը: Ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը և բոլոր դիվանագիտական առաքելություններին նոր եռանդով լծվել Հայաստանի տնտեսական շահերն առաջ մղելու գործին: Առաջին հերթին, այստեղ հստակ խնդիր է դրվել ներգրավելու նոր արտաքին ուղիղ ներդրումներ: Դրանք կարող են լինել ներդրումային ծրագրեր, որոնք մշակվել են այստեղ, ինչպես նաև արտաքին ներդրողների շահերից բխող հնարավոր տարբերակներ՝ իրենց նախաձեռնությամբ: Կրկին պնդում եմ, որ լուրջ ծրագրերի առկայության պարագայում մենք պատրաստ ենք ստեղծել դրանց համար հնարավոր ամենաբարենպաստ պայմանները: Երկրորդ, անհրաժեշտ է նոր շուկաներ և ուղղություններ գտնել Հայաստանում արտադրվող ապրանքատեսակների և ծառայությունների համար: Այստեղ ևս պետք է հստակ գնահատենք, թե որոնք են ամենահեռանկարային ուղղությունները: Անշուշտ, արտաքին գործերի նախարարությունն այս հարցերի շրջանակի միակ և առաջին պատասխանատուն չէ: Ուստի և այստեղ խիստ կարևոր է դառնում դիվանագետների համադրված աշխատանքն էկոնոմիկայի նախարարության և համապատասխան մյուս գերատեսչությունների հետ: Այս բնույթի միջգերատեսչական համագործակցության և տեղեկատվության փոխանակման արդյունավետ մեխանիզմների մասին մենք դեռ առանձին խոսելու ենք: Հարգելի՛ գործընկերներ, Ուզում եմ շեշտել նաև, որ ապագա խորհրդարանում որևէ կուսակցության կամ անհատի տեղը այսօր երաշխավորված չէ: Թող ոչ մեկը հույս չունենա, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում լինելու են հեշտ հաղթանակներ: Մենք որպես իշխող քաղաքական ուժ՝ կրում ենք նաև լրացուցիչ պատասխանատվություն ընտրությունների կազմակերպման բարձր մակարդակի համար: Ընտրությունները պետք է լինեն օրինակելի: Սա առաջին հերթին պետք է մեր ժողովրդին և պետությանը, բայց չպետք է մոռանալ, որ դրանով պայմանավորվելու է նաև մեր երկրի միջազգային վարկն ու հեղինակությունը: Հայաստանի ստանձնած միջազգային հանձնառությունները պետք է կատարվեն լիարժեքորեն: Իհարկե, յուրաքանչյուր կուսակցություն, առավել ևս նրա ղեկավարը, շահագրգիռ է ավելի շատ քվե ունենալ, բայց ինձ համար շատ ավելի կարևոր են ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը, քան դրանց արդյունքները: Ընտրությունների բնականոն ընթացքն ու օրինականությունը պակաս հաղթանակ չեն և պակաս արժեք չեն մեր հասարակության համար: Իմ հորդորն է բոլորին: Ժամանակից շուտ ընտրարշավ սկսելու գայթակղությունը մոռացե՛ք: Յուրաքանչյուրը զբաղվում է իր աշխատանքով, իր տեղում, բայց՝ կրկնապատկված եռանդով և պատասխանատվությամբ: Երբ մենք առաջարկում էինք սահմանադրական փոփոխություններ, ելնում էինք այն համոզմունքից, որ նոր տարբերակն ավելի ժողովրդավարական է և ընդլայնում է Հայաստանի քաղաքացիների ազատությունների, հետևաբար և հնարավորությունների շրջանակը: Մենք այսօր նույն համոզմանն ենք: Ուրեմն, եկեք դա ապացուցենք գործով, իրական քայլերով: Ուրեմն եկեք կյանքի կոչենք մեր Սահմանադրությունը: Շնորհակալություն:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Օվերչուկը Նիկոլին ասաց ՝ վեր ընգեք տեղներդ․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա դատախազության դիմաց․ «Պետրոս Ղազարյանի մոտ» 217 հաղորդումից 136-ին միայն ՔՊ-ից են հրավիրել (video) Ժողովուրդը 5000 տարի անեծքով կհիշի Նիկոլ Փաշաև Օղլու անունը․ սեւանցիների կոշտ արձագանքը (video) Դադարեցրեք Մինասյան եղբայրների դեմ կարված քաղաքական հաշվեհարդարը. Հարություն Աղա-Սարգսյան Փաշինյանն ու քաղաքացին վիճեցին․ «Չե՛մ հաշտվելու ձեր հետ, երեխեքին ո՞ւր տանենք» (video) Ռուսաստանի համբերությունը սպառվել է․ Փաշինյանի այցը Մոսկվա մի բան փաստեց․․․ Սուսլով (video) Իրավապաշտպանները 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքն անհամաչափ են համարում Սրբուհի Գալյա՛ն, Աննա Վարդապետյա՛ն, Արփինե Սարգսյա՛ն, ձեզ եմ դիմում․ Դավիթին կալանքից ազատեք (video) Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Պայմանագրային զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրվարույթ Եղբորս կորցրել եմ, քեռուս թոռանը կորցրել եմ, ընկերոջս կորցրել եմ․ Արցախցի (video) Ինչու երևանցին կմերժի ու ինչու չի ընտրի այս իշխանությանը․ Էլինար Վարդանյան 14-ամյա երկվորյակ եղբայրները դիտողություն են արել 17-ամյա տղային․ այն վերածվել է ծեծկռտուքի ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ 273 հեկտար տարածքում անտառավերականգնման աշխատանքներ կիրականացվեն 18-ամյա Դավիթը «Աբովյան» ՔԿՀ է տեղափոխվում դպրոցական կրթությունը չընդհատելու համար․ ՔԿԾ Կամուրջների պայթեցումն իրանցիներին չի ստիպի հանձնվել. Արաղչին արձագանքել է Թրամփի սպառնալիքներին Պենտագոնն աշխատանքից ազատել է բանակի շտաբի պետին Ամո՛թ է․ Նոյեմբերին 110․000 դրամ տուգանեցին, հունվարին՝ միլիոններ ստացան․ հարցում (video) Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին Արցախի դրոշը դպրոցի «Փառքի անկյունից» չհեռացնելու համար աշխատանքից ազատման դիմում է գրել Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցի տնօրեն Կարինե Սմբատյանը Սպասվում է անձրև Լույս չի լինելու 10 մանեթն ինչի՞ս ա պետք մարդ ենք, հաց ենք ուտում, ավտոբուսներում պերաշկի չենք ուտում․ Հարցում (video) #ՈՒՂԻՂ․ «Պուտինն անցավ գործողությունների․ Նիկոլի վայնասունը՝ շուտով»․ Հայկ Նահապետյան (video) Հորմուզի նեղուցը բաց է Ռուսաստանի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am