Եթե կան հեղինակազրկվածներ, նրանք պետք է հեռանան. Հրանուշ Հակոբյան
ՀՀ նախագահի նստավայրում պաշտոնատար անձանց հետ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հայտնեց. «Նախագահը հորդորեց ավելի լավ աշխատել։ Նա բաց եւ հստակ խոսեց հանրապետության ներքին եւ արտաքին վիճակի մասին՝ նշելով, որ պետական պաշտոնյաները պետք է ավելի լավ աշխատեն։ Մեր կողքին կան գրագետ անձինք, որոնք հիմնականում երիտասարդներն են, նրանց պետք է գտնել, ուժ տալ ոգեւորել»։ Լրարողներից մեկի հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը խոսել է այդպիսի երկիր ունենալու հարցում Դաշնակցության ներուժի անհրաժեշտության մասին, Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, կոնկրետ կուսակցությունների մասով անուններ չասվեց, բայց փաստորեն ճիշտ է, որ եթե կան ուժեր, կուսակցություններ, որտեղ նոր կադրեր կան, որոնք կարող են առավելն անել, ինչո՞ւ ոչ»: NEWS.am-ի հարցին, թե ՀՅԴ ներկայացուցիչը հայտարարել էր, թե իշխանությունը հեղինակազրկված է, արդյոք համաձայն է նման գնահատականի հետ, Հակոբյանն արձագանքեց. «Ես կարծում եմ, իշխանության մեր գործունեության մեջ կան եւ լավ կողմեր, եւ վատ, եւ սխալներ եւ թերություններ: Իսկ եթե հեզինակազրկվածներ կան, պետք է գնան»:
