Ուզելը քաղաքական կատեգորիա չէ. ԲՀԿ-ն նույնպես ուզում է՞ կոալիցիա մտնել
ՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովից լրագրողները փորձեցին ճշտել` ինչի մասին է եղել Սերժ Սարգսյանի ելույթը: Ինչին ի պատասխան նշեց, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ծրագրային ելույթով, որում անդրադարձել է Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերներին: «Խոսքը գնացել է գլոբալ, համակարգային հարցերի շուրջ, սոցիալ-տնտեսական քաղաքականության, պաշտոնյաների գործունեության, կոռուպցիայի դեմ պայքարի, մամուլի ազատության, ժողովրդավարության զարգացման: Չի եղել մի ոլորտ, որին Նախագահը չի անդրադարձել իր ելույթում: Ընդհանուր խոսք է գնացել կուսակցությունների դերի բարձրացման մասին, իսկ կոնկրետ ՀՅԴ-ի հետ համագործակցության հուշագրի մասին խոսք չի եղել»,- ասաց նա: Լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ-ն նույնպես ուզում է կոալիցիա մտնել, Շարմազանովը ասաց. «Ուզելը քաղաքական կատեգորիա չէ, բայց ԲՀԿ ղեկավարը հայտարարել է, որ իրենք մնում են ընդդիմության մեջ»: «Բայց չէ որ ԲՀԿ-ն այդքան սատարում էր ձեզ, իսկ դուք», հակադարձեց լրագրողը: «Յուրաքանչյուր ուժ պետք է սատարի սեփական սկզբունքներին: Չեմ կարծում, որ օրինակ Դաշնակցությունը մեզ է սատարել: Իրենք իրենց սկզբունքներին են սատարել, մենք մեր սկզբունքներին ենք սատարել»,- նշեց ԱԺ փոխնախագահը:
