Մարուքյանի առաջարկը Ուրիխանյանին.նրա թեկնածուն թող ինքնաբացարկ հայտարարի
Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրելու համար թեկնածու առաջարկելու մասին հարցի քննարկման ժամանակ հանձնաժողովի անդամ Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ ինքը քվեարկելու է իր առաջադրած թեկնածուի և Զարուհի Փոստանջյանի օգտին: Ուրիխանյանը դժգոհեց, որ, երբ ինքը մոտեցել է Է. Մարուքյանին և առաջարկել միասնական ընդդիմադիր թեկնածու ներկայացնել, Է. Մարուքյանն ասել է, որ ինքը դեռ թեկնածու չունի, այնուհետև առաջադրել է Զ. Փոստանջյանին: Նա հետաքրքրվեց Է. Մարուքյանից՝ ինչո՞վ է դա պայմանավորված: «Դուք առաջարկում էիք համաձայնություն առ այն, որ ես ձայն տայի ձեր թեկնածուին, դուք էլ՝ իմ թեկնածուին, բայց ես չեմ պատկերացնում երկրորդ անձի ձայն տալը»,- պարզաբանեց Է. Մարուքյանը: «Երբ ես ասացի՝ դուք ունե՞ք թեկնածու, դուք ասացիք՝ ոչ, թեկնածու դեռ չունեմ, ասացիք՝ ի՞նչ եք առաջակում՝ ես ձեր թեկնածուին ձայն տամ, դու ի՞մ, ես ասացի՝ այո, ինչո՞ւ՝ ոչ, բայց ես առաջարկել եմ ընդդիմադիր միասնական թեկնածու առաջարկել»,-պատասխանեց Ուրիխանյանը: «Ոչ մի բան չի խանգարում, որ ձեր թեկնածուն ինքնաբացարկ հայտարարի, դուք ձեր ձայնը տաք Զարուհի Փոստանջյանին»,առաջարկեց Մարուքյանը:
