Առաջին օրվանից սիրել եմ «Հաց բերողին», բայց չեմ կարծում, որ պետք է «Եռաբլուրում» հուղարկավորել. Ռուբեն Գևորգյան
«Երդվյալ ազատամարտիկների միության» հիմնադիր նախագահ, ազատամարտիկ Ռուբեն Գևորգյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով «Հաց բերող» Արթուր Սարգսյանին «Եռաբլուր» պանթեոնում հուղարկավորելու թեմային, ասաց. «Ես հարգում եմ երիտասարդներին, նրանց ընդվզումը, բայց ցավալի է, որ երիտասարդները երևի ժամանակի մեջ չեն կարողանում ընկալել «Եռաբլուրի» ընդհանուր նկարագիրն ու նշանակությունը»։ «Եռաբլուրում ամփոփված են պատերազմի ժամանակ զոհված մեր ազատամարտիկ տղաները։ Չեմ կարծում, թե Արթուր Սարգսյանին պետք է «Եռաբլուրում» հուղարկավորել։ Հարգում եմ Արթուր Սարգսյանին, հենց առաջին օրվանից սիրել եմ այդ տղային իր քայլերի համար։ Նա մի հզոր հոգու տեր տղա է», - ասաց Ռուբեն Գևորգյանը։ Նա նշեց նաև, թե շատ է հուզվել, երբ լսել է Արթուր Սարգսյանի մահվան մասին. «Ես իմ ակնախորշերում արցունք ունեի պահած Արթուր Սարգսյանի համար»։ Ազատամարտիկն ասաց, թե Արթուր Սարգսյանին «Եռաբլուրում» հուղարկավորելու հարցը չպետք է քաղաքական թատերաբեմ սարքել։ «Արթուրի արածը գթասրտության դաշտում մեր ժողովրդի մեջ արժևորված քայլ է։ Նման գթասիրտ մարդկանց ամենավառ հիշողությունն ամենքի սրտում պահելն է», - ասաց Ռուբեն Գևորգյանը։
