Մեր ծրագրերում ամենեւին չի շրջանցվում թավշյա հեղափոխության սցենարը. Փաշինյան
Ընտրությունները բոյկոտողները ընդդիմության եւ մասնավորապես «Ելք» դաշինքի պոտենցիալ ընտրողներ են, իսկ ՀՀԿ-ի ընտրողները, որոնք իսկապես իրենց համոզմամբ ընտրելու են ՀՀԿ-ին, ապա նրանք կգնան ընտրության: Այս մասին, Facebook-ում օնլայն ռեժիմով հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ելք» դաշինքի ցուցակում երկրորդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընտրությունները բոյկոտելու գաղափարին: «Ընտրական օրենսդրությամբ» ընտրությունների քվորում հասկացություն չկա: Այսինքն «Ընտրական օրենսգիրքը» չի սահմանում այն նվազագույնը՝ այսքան ընտրողների թիվ, օրինակ, 25 տոկոս կամ 50 տոկոս պետք է ներկայանա, որպեսզի ընտրությունները համարվեն կայացած: Մեր օրենսդրությամբ` ընտրությունները կայացած են համարվում ընտրողների ցանկացած թվաքանակի մասնակցության դեպքում: Նրանք, որոնք պոտենցիալ բոյկոտողներ են, նրանք պոտենցիալ ընդդիմությանը ընտրողներ են: Հետեւաբար, երբ որ մենք ասում ենք բոյկոտել, նշանակում է, որ նրանք, որոնք կարող են քվեարկել ընդդիմության օգտին, «Ելք» դաշինքի օգտին, նրանք թող չգնան ընտրություներին, իսկ ՀՀԿ-ն, մյուսները, ովքեր փողի եւ լծակների են տիրապետում եւ իրենց ընտրողները հիմնականում լծակով գնացող ըտրողներ են, նրանք կգնան եւ ընտրությունները կկատարեն: Այդ դեպքում ընտրությունների արդյունքում կձեւավորվի 100 տոկոսին մոտ ձգտող ՀՀԿ-ական մեծամասնություն: Մենք ընդհանրապես դեմ չենք եւ էլի ուզում եմ ասեմ, որ մեր ծրագրերում ամենեւին չի շրջանցվում հրապարակային պրոցեսների եւ թավշյա հեղափոխության սցենարը, բայց մենք պետք է դրա համար լիազորություն ունենանք ժողովրդի անունից խոսելու իշխանությունը, որը ձեւավորվում է ընտրությունների արդյունքում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
