Զոհված զինծառայողի մայրը վարչապետին հիշեցնում է
Լոռու մարզի Տաշիր քաղաքում այսօր վարչապետի հետ հանդիպմանը 2015թ. դեկտեմբերին զոհված զինծառայող Ռուբեն Ալեքսանյանի մայրը հիշեցրեց, որ իր որդին զոհվել է հանուն հայրենիքի: Ինչպես ասաց՝ իրենք անտեսված են և խնդրեց վարչապետին ուշադրություն դրաձնել զոհված զինծառայողների ընտանիքների խնդիրներին: «Իմ որդին իր զենքով 7 րոպե պաշտպանել եւ փրկել է իր ընկերների կյանքը: Նա վիրավորվել է ոչ կենսական օրգաններից եւ մահացել է արյուն կորցնելու հետեւանքով եւ մինչեւ այսօր դատական քաշքշուկի մեջ ենք, մեզ հստակ պատասխան չեն տալիս` իմ որդին որտեղից է վիրավորված եղել: Զույգ որդիներ ունեմ, երկուսը միասին են ծառայել, մյուս որդիս եղբոր զոհվելուց հետո տեղափոխվեց Ստեփանավանի զորամաս, հետո հիվանդացավ, տեղափոխվեց հոսպիտալ եւ 25 օր կյանքի եւ մահվան դեմ պայքարելուց հետո որոշ չափով առողջացավ, բժիշկներն ասել են, որ ֆիզիկական աշխատանք անելու իրավունք չունի: Այսօր մենք անտեսված ենք, չնայած նրան, որ հերոս է եղել, հերոսությունը միայն Արիության մեդալով է վարձատրվել»,-ասաց զոհված զինծառայողի մայրը:
