Ինչու քահանան հոգեհանգստի կարգ չի կատարել «Հաց բերողի» համար. Մայր Աթոռի պարզաբանումը
Եղվարդում տեղի ունեցածի առնչությամբ պարզաբանում է ներկայացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական Համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը: Այսօր Կոտայքի թեմի Եղվարդի Ս. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որի հետևանքով հոգևոր հովիվ Տ. Հովնան քահանա Մաթևոսյանը հրաժարվել է հոգեհանգստյան կարգ կատարել Արթուր Սարգսյանի համար և հորդորել ներկաներին պարզապես իրենց մոմը վառել և աղոթք կատարել եկեղեցում, ցանկանում եմ պաշտոնապես պարզաբանել հետևյալը։ Ոչ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ոչ էլ Կոտայքի թեմի առանորդ Տ. Առաքել արք. Քարամյանի կողմից որևէ հրահանգ չի եղել եկեղեցիներում Արթուր Սարգսյանի համար հոգեհանգիստ չկատարելու վերաբերյալ։ Ի դեպ, Արթուր Սարգսյանի համար վերջին երկու օրերին հոգեհանգիստ է կատարվել արդեն մի շարք եկեղեցիներում ինչպես Հայաստանում, այնպես և Սփյուռքում։ Հայոց Եկեղեցին հոգեհանգստյան կարգ կատարում է իր բոլոր զավակների համար։
