Թուրքիան զինում է Ուկրաինան
Ղրիմի թաթարների ազգային ժողովի նախկին նախագահ և Ուկրաինայի խորհրդարանի պատգամավոր Աբդուլջեմիլ Քըրըմօղլուն հայտնել է, որ Թուրքիան Ուկրաինային զինամթերք տրամադրելու պատրաստակամություն է հայտնել: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ «RBK-Ուկարինա» լրատվամիջոցին տված հարցազրույցում Քըրըմօղլուն տեղեկացրել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունից օրեր առաջ նամակ է ուղարկվել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ստեփան Փոլթորաքին: Նամակում թուրք պաշտոնյաները հայտնել են Ուկրաինային ռազմամթերք տրամադրելու հարցը քննարկելու Թուրքիայի պատրաստակամության մասին: Ուկրաինացի պատգամավորը նշել է նաև, որ հունվարին Անկարա կատարած այցի ժամանակ հանդիպումներ և քննարկումներ է ունեցել թուրք-ուկրաինական հարաբերությունների վերաբերյալ: Ըստ Քըրըմօղլուի՝ շուտով Թուրքիայից ռազմական պատվիրակություն կմեկնի Ուկրաինա: Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ի համակարգին պատկանող զինատեսակների տրամադրման համար ՆԱՏՕ-ի թույլտվությունը պարտադիր է, մինչդեռ սեփական արտադրության զինամթերքը Թուրքիան կարող է Ուկրաինային տրամադրել սեփական որոշմամբ: Աղբյուր` Ermenihaber
