Վարչապետն իր հետագա պաշտոնավարման մասին
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր Դիլիջան քաղաքում էր: ՀՀԿ առաջին փոխնախագահը խոսել է 2017 թ. Գեղարքունիքի մարզում կանխատեսվող ներդրումների ծավալի և նախատեսվող ծրագրերի մասին: «Գեղարքունիքի մարզում նախատեսում ենք իրականացնել 31 ներդրումային ծրագիր՝ 45 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով, որի արդյունքում կստեղծվի առնվազն 1550 աշխատատեղ: Գեղարքունիքի մարզում ունենք 4 թիրախային ուղղություն, որոնց վրա մեծ ուշադրություն ենք դարձնելու. Առաջինը Սևանա լճում ձկնաբուծության զարգացման ծրագիրն է: Մենք այս պահին քննարկում ենք «Սևան ձուկ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու հարցը, որով կկանոնակարգենք ձկան բիզնեսով զբաղվող մեր քաղաքացիների գործունեությունը, կօրինականացնենք այդ գործընթացը, անվտանգ բիզնես կկառուցենք, կանոնավոր կապահովենք Սևանա լճի էկոպարկի անվտանգությունը և կզարգացնենք զբոսաշրջությունը: 2-րդ ոլորտը գյուղատնտեսությունն է, այդ թվում՝ անասնապահությունը, 3-րդը՝ այլընտրանքային էներգետիկան, 4-րդը՝ ենթակառուցվածքները»,- նշել է Կարեն Կարապետյանը: Այնուհետև պատասխանել է բնակիչների հարցերին: Իր հետագա պաշտոնավարման վերաբերյալ հարցին, մասնավորապես՝ որքանո՞վ համոզված լինեն քաղաքացիները, որ ՀՀԿ ընտրվելու դեպքում Կարեն Կարապետյանը հաջորդ 5 տարիների ընթացքում լինելու ՀՀ վարչապետը, ասել է. «Սա ոնց որ թե մարզպետի հարցն էր։ Դուք այդ շանսն ինձ պետք է տաք։ Հիմա եթե դուք այդ շանսը տաք, դրանից հետո ինձնից կպահանջեք: Եթե դուք սպասում էիք, որ ես ասեմ՝ վաղը բոլոր հարցերը կլուծվեն և վաղը ձեր աշխատավարձը կբարձրանա՝ ոչ։ Ես չեմ ուզում որևէ մեկին հուսախաբ անել, ամեն ինչ կախված է մեր աշխատանքից»։
