«Հաց բերողին» Եռաբլուրում կհուղարկավորե՞ն
Շահեն Հարությունյանը կառավարության մոտ ցուցարարներին տեղեկացրեց,որ դիմել են «Հաց բերողին» Եռաբլուրում հուղարկավորելու համար, բայց պատասխանը եղել է, որ հնարավոր չէ: «Հիմա գալիս է վարչապետի խորհրդականը, տեսնենք՝ ինչ են անում։ Արթուրը պետք է հուղարկավորվի Եռաբլուրում»,-ասաց նա։ Այդ հարցով ցուցարարները դիմում հանձնեցին նաև վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականին, վերջինս խոստացավ պատասխանի մասին հայտնել վաղը։ Ցուցարարները խնդրեցին պատասխան տալ հենց այս պահին, սակայն կառավարության ներկայացուցիչը դրա համար ժամանակ խնդրեց։ Վերջինս նաև հերքեց տեղեկությունը, թե իրենք արդեն իսկ մերժել են Արթուր Սարգսյանին Եռաբլուրում հուղարկավորելու պահանջը. «Նման դիմում մեզ չի եղել»։ Հավաքի մասնակիցները 10 րոպե ժամանակ տվեցին կառավարության ներկայացուցչին, որ վերջինս վերջնականապես ճշտի՝ արդյոք մերժման որոշում եղել է, թե ոչ։
