Արթուրը խղճի զոհ էր.Մանուկ Սուքիասյան
«Հայկական վերածնունդ» կուսակցության լրատվական-քարոզչական մասի ղեկավար, ռեյտինգային թեկնածու Էդգար Առաքելյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց,որ Արթուր Սարգսյանի կալանքից ազատվելու հետ կապված՝ կուսակցությունն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել: Երեկվանից քարոզարշավային ոչ մի բան չեն ունեցել:« 10 օր առաջ ընդամենը նա կալանքից ազատվեց, բայց հնարավորություն կար` ավելի շուտ ազատվեր, արդյունքում` այսպիսի հետևանք չէինք ունենա, այսպիսի դեպքի մենք ականատես չէինք լինի»: «Ի՞նչ հրատապություն կար երկրորդ անգամ Արթուր Սարգսյանին ձերբակալելու, ո՞ր հարցերը չէին տրվել ամառվանից սկսած, որ հիմա պետք է տային: Ինչի՞ն պետք է խանգարեր Արթուրը, եթե շարունակեր մնալ դրսում, որ ստիպված ձերբակալեցին: Եթե այս հարցերի պատասխանները չեն տալիս, նշանակում է՝ իրականացրել են պետական պատվեր»,նման հարցադրում արեց «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ընտրակարգով առաջադրված թեկնածու Մանուկ Սուքիասյանը: «Արթուրը խղճի զոհ էր, նա մեր բոլորի մտապատկերում շարունակելու է իր կենդանի գոյությունը և խարան է մնալու մեր պետության ճակատին այնքան ժամանակ, քանի դեռ ամեն անգամ մարդու ձերբակալելիս որևէ դատավոր, քննիչ կշարունակի կատարել քաղաքական պատվեր: Իսկ որ երկրորդ ձերբակալությունը քարոզչական-քաղաքական բնույթ ուներ, ինձ համար երկրորդ կարծիք լինել չի կարող»,ասաց նա: «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Գևորգ Գեորգիսյանը նույնպես հայտարարեց, որ իրենց դաշինքի ներկայացուցիչները պայքարում էին «Հաց բերողի» կյանքի համար. «Մենք արեցինք գրեթե ամեն ինչ, ինչ հնարավոր էր, երևի թե քաղաքական ուժերից միակն էինք, որ, երբ հացադուլ էր հայտարարել, մենք փորձեցինք ամեն ինչ անել, որ խափանման միջոցները փոխեն, սկսած պատկան մարմիններին դիմելուց՝ մինչև ստորագրահավաք»,- ասաց նա:
