Արտակ Զաքարյանը հորդորում է «Հաց բերողի» մահը չդարձնել դիվիդենտներ շահելու միջոց
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում երեւույթներն անհարկի քաղաքականացնելը: Նրա խոսքով՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը որոշ քաղաքական ուժերի համար չպետք է դառնա դիվիդենտներ շահելու միջոց: Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը կազդի նախընտրական քարոզարշավի վրա, նա ցավակցություն է հայտնել Սարգսյանի հարազատներին եւ ընդգծել, որ մարդկային ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը անթույլատրելի են եւ «պատիվ չեն բերում»։ «Փորձել հասարակության դժգոհության միջոցով դիվիդենդներ ստանալը ճիշտ չեմ համարում։ Մարդիկ դժգոհում են, պարզ մարդկայնորեն, դա նորմալ է։ Մենք գործ ունենք հույզերի հետ, իսկ որոշ ուժեր փորձում են դրան քաղաքական ուղղություն հաղորդել», - հայտարարել է Զաքարյանը։ Արտակ Զաքարյանի խոսքով՝ եթե պարզվի, որ մարդկանց որոշ շրջանակի անգործության պատճառով է տեղի ունեցել այս ամենը, ապա պատասխանատվության ենթարկվողներ կլինեն:
