Մանրամասներ է հայտնում «Հաց բերող»-ի վիրաբույժը
«Հաց բերող» Արթուր Սարգսյանը երկրորդ անգամ հիվանդանոց է ընդունվել երկու օր առաջ` երեկոյան 18:50-ին, նրա մոտ ախտորոշվել էր օղակված պորտային ճողվածք, «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասաց «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի վիրաբույժը: «Առաջին հոսպիտալացման ժամանակ խորհուրդ էր տրվել վիրահատական բուժում պլանային կարգով, որից ինքը գրավոր ինքնակամ հրաժարվել էր: Տվյալ էտապում հիվանդն ինքն է որոշում՝ վիրահատվի, թե` ոչ: «Ներկա ժամանակ ես` Արթուր Սարգսյանս, հրաժարվում եմ վիրահատությունից»` սա իր գրված նախադասությունն է, որը կա բժշկական պատմությունում», - ասաց Արթուր Սարգսյանի վիրաբույժը: Նա նշեց, որ երկրորդ անգամ` 2 օր առաջ, Արթուր Սարգսյանը բուժոգնության էր դիմել բավականին ծանր վիճակում: «Տանը հիվանդությունը մոտ մեկ օրվա պատմություն ուներ, որից հետո նոր դիմել էր: Վիրահատությունում նման դեպքերում գործում է մեկ ժամվա կանոնը, եթե հասցնում ես օգնություն ցույց տալ` հիվանդը կփրկվի, իսկ նրա մոտ մեկ օր զարգանում էր: Բացի այդ, հաշվի առնելով իր ուղեկցող հիվանդությունները, մենք կարող ենք ասել, որ զարգացումն արագ էր տեղի ունեցել ու մեկ օրվա մեջ տեղի են ունեցել անդառնալի փոփոխություններ», - բացատրեց վիրաբույժը: Նա նշեց, որ Արթուր Սարգսյանը հիվանդանոց դիմելուց հետո արագ հետազոտվել է ու արդեն ժամը 20.15-ին եղել է վիրահատարանում: «Վիրահատությունը տևել է մոտ 2,5 ժամ: Արդեն զարգացել էր աղիքային անանցելիություն ու զարգացել է պերիտոնիտ, ինչն էլ բերել է ինքնաթունավորման», - ասաց բժիշկը` նշելով, որ հաշվի առնելով հիվանդության պատմությունը նրա մոտ զարգացել է սուր շնչառկան ու անոթային անբավարարություն և հաջորդ օրը ժամը 15.30-ին արձանագրվել է կենսաբանական մահ: Ինչ վերաբերում է «հաց բերողի» հացադուլի ազդեցությանը հիվանդության զարգացման վրա, վիրաբույժը նշեց, որ «միանշանակ ասել հնարավոր չէ, սակայն բացառել էլ չի կարելի»: Վիրաբույժը պնդեց, եթե առաջին հոսպիտալացման ժամանակ, երբ վիրաբույժն առաջարկել էր վիրահատություն, այն կատարվեր` միանշանակ տասը օր հետո Արթուր Սարգսյանի մոտ չէր առաջանա ճողվածքի օղակումը: «Միայն Աստծուն է հայտնի նրա մահվան զարգացումը, դրա համար ունենք դատաբժշկական հանձնաժողով, հաստատ համոզված եմ, որ անաչառ փորձաքննություն կկատարվի: Ես վստահ եմ, որ մենք կունենանք այդ պատասխանը», - ամփոփեց Արթուր Սարգսյանի վիրաբույժը:
