Առաքել Մովսիսյանի նմաններն ու Հաց բերող Արթուր Սարգսյանը
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյան կոչ արեց հպարտանալ Հաց բերող Արթուր Սարգսյանով, քանի որ նրա կատարած քայլը հիացմունքի է արժանի: «Գուցե կարելի էր հանցակազմ գտնել այդտեղ, լավ, գտար հանցակազմ, բայց կալանք չդնել: Բայց ոչ, այդ երևույթն ավելի վտանգավոր էր իշխանության համար, քան «Սասնա ծռերը», որովհետև դա օրինակ էր, որ մարդ կարող է անձնազոհ լինել, ուրիշին օգնելու համար իր կյանքը վտանգի ենթարկե»: Ըստ նրա՝ Արթուր Սարգսյանի հայտարարած հացադուլը հուսահատ քայլ չէր,այլ նույնիսկ համաշխարհային պատմության մեջ երկրորդ դեպքն է, երբ մարդն իր պահանջների համար հետևողական է լինում ու կեսից չի հրաժարվում. «ՀՀ նորանկախ պատմության մեջ որևէ հացադուլ անող իր պահանջների կատարմանը չի հասել, իսկ այս մարդը սկզբունքային էր ու նստեց հացադուլի: Ի՞նչ էին մտածում իշխանությունները՝ մտածում էին՝ լավ, հես ա հացադուլից դուրս կգա, ինչպես նախորդները, և հերթական հացադուլը կվարկաբեկվի: Բայց այս մարդը հետևողական եղավ, և տեսնելով, որ կարող է մահանալ, նրան ազատ արձակեցին»: Այնուհետև նա առաջարկեց չսգալ նրա մահը, որովհետև սա մի օրինակ էր մեր հանրության համար, որ սկզբունքի համար մարդը կարող է և՛ հացադուլի նստել, և՛ պատրաստ լինել ազատությունը չփոխարինել հպատակությամբ: «Երբ տեսնում եմ, թե ինչպիսի ընտրարշավ է, ինչպես են Առաքել Մովսիսյանի հպատակները նրա առաջ պատրաստ ամեն ինչ անելու, մյուսները, որ գնում են՝ չոքում դիմացներն ու համբուրում ձեռքերը, և հանկարծ՝ «Հաց բերողի» կերպարը: Պետք է հպարտանալ այդպիսի կերպար ունենալու համար»:
