Որքա՞ն է Վլադիմիր Պուտինի հարստությունը. քննարկում է ԱՄՆ Սենատը (տեսանյութ)
Ամերիկայի ձայն Որքա՞ն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարստության չափը: Միացյալ Նահանգների Սենատում այսօր անցած լսումների ընթացքում հնչել է նաեւ Պուտինի հարստության մասին հարցի նախնական պատասխանը: Լսումներին ներկա մասնագետներից սենատորներն առաջին հերթին ցանկանում էին պարզել, թե որքան ազդեցիկ են Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները: Սենատոր Մայք Քրափոյի խոսքով, չնայած երկու տարի շարունակվող պատժամիջոցներին եւ նավթի գների անկմանը, Մոսկվայի քաղաքականությունն Ուկրաինայում չի փոխվում: Ի պատասխան, փորձագետները նշեցին, որ պատժամիջոցների արդյունավետության համար կարեւոր է պահպանել չորս սկզբունք՝ շարունակել պատժամիջոցները դաշնակից երկրների հետ համատեղ, շարունակել դիվանագիտական եւ ճնշման այլ միջոցներ, կապել պատժամիջոցների հանումը Մոսկվայից ակնկալվող հստակ քայլերի հետ եւ մնալ ճկուն: Ռուսաստանն ի պատասխան փորձում է քանդել պատժամիջոցների նկատմամբ միասնությունը, նշում է Նոր Ամերիկայի անվտանգության կենտրոնի վերլուծաբան Էլիզաբեթ Ռոզենբերգը. «Այս սկզբունքներից առավել խոցելին պատժամիջոցները բոլոր դաշնակիցների կողմից անխտիր պահպանումն է, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմից հակասական ազդանշաններ են ստացվում»: Միեւնույն ժամանակ, Եվրամիության երկրների կողմից ընդունված պատժամիջոցներն ավելի մեղմ են եւ որոշակի լծակներ են թողնում պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի կողմից. «Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը Եվրոպային ավելի խոշոր տնտեսական վնասներ է հարուցում, քանի որ այդ երկրներից ոմանք սերտ կապված են Ռուսաստանի հետ առեւտրային կապերով: Ուստի, նրանք լծակներ են թողնում որոշակի համագործակցության համար»: Հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ սենատոր Բոբ Մենենդեզն իր կողմից ընդգծեց, որ քանի դեռ Մոսկվան չի կատարել միջազգային հանրության պահանջները եւ շարունակում է խախտել միջազգային իրավունքը, պատժամիջոցները պետք է պահպանվեն. «Հավատացած եմ, որ տնտեսական պատժամիջոցները մեր ունեցած խաղաղ դիվանագիտության առավել արդյունավետ գործիքներից է, եթե խոսքը գնում է ոչ ռազմական ներգրավման մասին»: Լսումների ընթացքում սենատոր Բենջամին Սասսը որոշեց պարզել Ռուսաստանի նախագահի իրական հարստությունը. «Որքա՞ն հարուստ է Վլադիմիր Պուտինը»։ «Մեր կարծիքով շատ հարուստ է, սակայն, նրա ունեցվածքը երկար տարիներ հարցականի տակ է մնում»,- նշեց Էլիզաբեթ Ռոզենբերգը: «Հանրային տվյալների հիման վրա կարելի է ասել, որ նրա կարողությունը հասնում է միլիարդավոր, միգուցե, տասնյակ միլիարդավոր դոլարների», – ավելացրեց Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Էրիկ Լորբերը: Իսկ Ջորջթաունի համալսարանի դասախոս Ռոդնի Լուդեման նշեց. «Նա հաստատ կարող է ազատ կերպով իր նպատակներով ծախսել իր ձեռքի տակ եղած հսկայական գումարները»: Սենատոր Սասսը շարունակեց. «Կարո՞ղ եք հիշեցնել մեզ նրա կյանքի պատմությունը, նրա զբաղեցրած աշխատատեղերը: Ինչպե՞ս է նա հարստացել»: «Կոռուպցիայի միջոցով», – միանշանակ պատասխանեց Լուդեման: «Ես Վլադիմիր Պուտինի գիտակը չեմ, սակայն, կասեի, որ երկար տարիներ Վլադիմիր Պուտինը ՊԱԿ-ի գնդապետ է եղել, որից հետո… դարձավ տասնյակ միլիոնավոր դոլարների տեր՝ հիմնականում կոռուպցիայի եւ պետական ընկերությունների վճարների միջոցով», – եզրափակեց Էրիկ Լորբերը:
