Պետք է «ծյունինգ» անենք, սանրենք, թրաշենք, բանտիկ կապենք.վարչապետ
Վարչապետ Կարեն Կարապետյանին քաղաքացիներից մեկը հարց ուղղեց.«Ժողովուրդը հաճախ կատակում է, որ Հայաստանում միջին խավը հանգստի է մեկնում արտասահման, իսկ հարուստները՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Ջերմուկ: Չե՞ք կարծում, որ պետք է վերանայվեն տուրիզմի հետ կապված մոտեցումները, վերանայվեն գները, որպեսզի մարդիկ Վրաստան գնալու փոխարեն՝ գերադասեն մնալ Հայաստանում»: «Վերանայելը ո՞նց եք հասկանում:Ես՝ վարչապետս օրինակ , լուրջ տեսքով ասե՞մ՝ «Բելլաջո» պանսիոնատ, վաղը-մյուս օրն էլ դու 100 դոլարով չվաճառես, այլ՝ 50-ով: Ինչո՞ւ եմ հարցրել տարիքը, որովհետև մեր հայրենակիցները, որոնք Սովետմիությունը հիշում են, մեկ-մեկ կառավարությանը դիմում են՝ որպես Սովետմիության՝ «պետք է կարգադրես, պետք է գինը իջեցնես…» :Շուկայական հարաբերություններ են: Ի՞նչ պետք է անենք, մենք հավասար դաշտ պետք է ստեղծենք բիզնեսի համար: Եթե պահանջարկը կա՝ այս բաժակին տալ 100 դոլար, այս բաժակը միշտ լինելու է 100 դոլար՝ մինչև մեկ ուրիշը 90-ով չվաճառի: Հենց մենք մրցակցային դաշտը ստեղծենք, որպեսզի առաջարկությունը շուկայում շատ լինի, այդ ամեն ինչը կարգավորվելու է:Արտաքին տուրիստը գալիս է ներքին տուրիստի պոչով:Մենք լիքը բան ունենք, որը պետք է ցույց տանք, բայց այդ լիքը բանը պետք է «ծյունինգ» անենք, սանրենք, թրաշենք, բանտիկ կապենք, կարողանանք մատուցել»,-պատասխանեց վարչապետը:
