Վերացնել գրավատների ոլորտի խնդիրները
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հանձնարարականներ տվեց գերատեսչությունների ղեկավարներին: Հանձնարարականներից մեկը վերաբերվում էր վարկային կազմակերպությունների գործունեությանը: «Ներկայումս գործող օրենսդրական կարգավորումները բանկերին եւ վարկային կազմակերպություններին գրավի իրացման կազմակերպման գործընթացում ընձեռում են հայեցողության բավական լայն շրջանակ, քանի որ առկա չէ բռնագանձման ծանուցումը գրավատուին հանձնելուց հետո այդ գործընթացը սկսելու հստակ ժամկետ»,- ասաց նա՝ հավելելով, որ խնդիրը խիստ մտահոգիչ է այն, երբ գրավի առարկայի արժեքը գերազանցում է դրամով ապահովված պարտավորության չափը: Վարչապետը ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն գրավի առարկայի իրացման գործընթացը հստակ ժամկետներում իրականացնելու եւ դրա խախտման դեպքում համապատասխան տուգանքների դադարեցման մեխանիզմների վերաբերյալ:
