Մաշալյանը հանելու է թեկնածությունը
«Ռադիո Ակոս»ին տված հարցազրույցում Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևոր խորհրդի նախագահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է,որ մարտի 15-ին կայանալիք տեղապահի ընտրություններում իր թեկնածությունը հանելու մասին: «Քվեարկությունը տեղի կունենա մարտի 15-ին ժամը 15:00-ին: Քվեարկելու իրավունք ունի 30 հոգևորական: Հենց այնտեղ էլ կհայտարարեմ տեղապահի ընտրություններում թեկնածությունս հանելու մասին, որպեսզի ձայները չբաժանվեն»,-հայտարարել է Մաշալյանը և կոչ է արել բոլոր իր կողմնակիցներին ձայնը տալ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: «Տեղապահի ընտրությանը իմ փոխարեն թող քվեները տան Բեքչյանին, մտածեն ժողովրդի մասին: Թող փրկեն սեփական արժանապատվությունը: Թե ես, թե Սեպուհ սրբազանը տեղապահի լավագույն թեկնածու ենք համարում Գարեգին սրբազանին: Բացի այդ, Արամ սրբազանի հետ կապված անցյալի դառը փորձառությունը կա»,-նշել է Մաշալյանը: Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները կանցկացվեն մարտի 15-ին: Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն նույն օրը:
