«Զենքը գտնվում է հրամանատարական կետերում, իսկ առաջին գիծը դատարկ է». Սեյրան Օհանյանը փակագծեր է բացում
Այսօր Վետերանների միությունում ՕՐՕ դաշինքը գլխավորող ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, թե ինչ առաջընթաց է եղել իր ղեկավարման տարիներին. «Լինելով ՊՆ-ի ներսում, ես զգացի, որ այն ռեսուրսները, որ գոյություն ունեն արդեն բանակի ներսում, դեռևս բավարար չեն, որպեսզի մենք մեր բանակի զարգացումն էլ ավելի բարձր մակարդակի վրա դնենք, կատարելագործենք և ավելացնենք նրա մարտական կարողությունները: Պետք է ամուր թիկունք, իսկ ամուր թիկունք ձևավորելու համար պետք է ամուր տնտեսություն: Եթե զինվորի ձեռքին հիմնական գործոնը, որը հաղթական ելք է բերում, զենքն է, ապա ժողովրդի ձեռքին հաղթական ելք բերող զենքը տնտեսությունն է: Առանց տնտեսության համապատասխան զարգացման տեմպերի՝ ժողովուրդը չի կարող ստեղծել բարեկեցիկ պայմաններ, չի կարող լուծել առօրյա խնդիրներ: Տնտեսության մենաշնորհ վիճակը, կուտակված լինելը մի քանի մարդու ձեռքին՝ մի քանի մեծահարուստների մոտ, ես դա համեմատում եմ այդ մարդկանց ղեկավարների հետ: Իսկ ղեկավարները մարտի դաշտում գտնվում են ավելի հետ հրամանատարական կետերում: Այսինքն, մեր պետության ուժը, զենքը գտնվում է հրամանատարական կետերում, իսկ առաջին գիծը դատարկ է»: Նա ասաց, որ իր ղեկավարման տարիներին է, որ ՊՆ-ին ենթակաները ամենաշատ բացահայտումներն են արել, թե ինչ կոռուպցիոն ռիսկեր կան: «Կադրային քաղաքականության մեջ սուբյեկտիվ գործոնները վերացվել են, ինչը մինչեւ ինձ չի վերացվել: Բնակարանների փոխհատուցման պայմանների մեջ սուբյեկտիվ գործոնը վերացվել է: Մենք լուրջ հաջողություններ ենք ունեցել մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում, զորակոչի մեջ արդարության մեծ մակարդակ ենք վերցրել»,- ասաց Սեյրան Օհանյանը:
