ԼՂ հակամարտության ռազմական կարգավորում չի կարող լինել. ԱՄՆ դեսպան
«ԼՂ հակամարտության ռազմական կարգավորում չի կարող լինել»,- իր մեկամյա առաքելության առիթով կազմակերպված ֆեյսբուքյան ճեպազրույցի ընթացքում, պատասխանելով ԱՄՆ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, ասել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլզը: Հարցին, թե ԼՂ հակամարտության լուծման ի՞նչ հնարավորություններ է տեսնում և արդյոք բավարա՞ր են ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը՝ խաղաղ կարգավորմամբ հարցի լուծման ուղղությամբ, դեսպանը պատասխանել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարատև ռազմական կարգավորում չի կարող լինել: Նրա խոսքով` բռնության ողբերգական լարվածությունը շփման գծում ԱՄՆ կառավարության համար անհանգստության առարկա է: Ըստ դեսպանի՝ ԱՄՆ-ի իշխանությունները լրջորեն մտահոգված են շփման գծի երկայնքով բռնության սրման և հռետորաբանության առնչությամբ:
