«Կարող է մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել». Թովմասյանը՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի մասին /տեսանյութ/
ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը գտնում է, որ hասարակության մեջ դեռ բավականաչափ վստահություն չկա ընտրական համակարգի նկատմամբ։ «Նման համակարգերը պետք է վստահության մեծ պաշար ունենան, անցնեն միջազգային աուդիտ և երաշխիքներ ստանան հեղինակավոր կազմակերպություններից, ընդ որում, նրանցից, որոնց կընտրի հասարակությունը և ոչ թե իշխանությունները, որպեսզի նրանց եզրակացությունները ընտրողների համար կշիռ ունենան»,-այսօր, Կառավարության հերթական նիստից հետո, լրագրողներին ասաց Հրայր Թովմասյանը։ Ըստ նրա` Էլեկտրոնային համակարգը կարելի է բաժանել երեք բաղադրիչի. գրանցում, քվեարկություն և հաշվարկ։ «Էլեկտրոնային գրանցումը և ընտրողների նույնականացումը հասարակության անվստահության նկատմամաբ այդքան զգայուն չեն։ Ինչ վերաբերում է բուն քվեարկությանը, ապա կան տարբեր մեխանիզմներ, որոնցից մեկը էլեկտրոնային տերմինալն է՝ քվեարկության մենյուով։ Եվ երրորդը հաշվարկի բաղադրիչն է։ Դրանք «խելացի» քվեատուփեր են, որոնք իրենք են հաշվում ձայները։ Այս 2 համակարգերը կարող են կիրառվել նշված երաշխիքների առկայության դեպքում։ Հակառակ դեպքում գրանցումը կարելի է տեղափոխել էլեկտրոնային ձևաչափի, իսկ թղթե քվեաթերթիկներն և ձեռքով հաշվարկը՝ պահել ինչպես որ կա»,- նշեց Թովմասյանը։ Նշենք, որ Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը դեռ պատրաստ չէ։ Արձագանքելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մտահոգություններ է արտահայտել 2015թ. դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեի հետ կապված, առաջարկություններ արել և Հայաստանի իշխանություններին ասել կատարեք տնային աշխատանքը, Թովմասյանը նշեց. «Հայաստանը հարգանքով է վերաբերում միջազգային կազմակերպություններին ու լսում է նրանց կարծիքը: Մենք երբեք միայն այդ կազմակերպությունների համակրանքը շահելու համար բարեփոխումներ չենք նախաձեռնում: Բարեփոխումները մեզ են պետք»: Թովմասյանի խոսքով ՝ «Կարող է մի հատ էլ երկուս է դրել, վերաքննություն է դրել, ստուգարք է նորից նշանակել և այլն և այլն...»: Աստղիկ Ավագյան Մանրամասները՝ տեսանյութում:
