ԼՂ հակամարտության սրացումը ձեռնտու չէ Ռուսաստանին.Ֆյոդոր Լուկյանով
Ռուսաստանին ձեռնտու չէ ԼՂ հակամարտության սրացումը։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վալդայ» միջազգային բանավեճային ակումբի Զարգացման և աջակցության հիմնադրամի գիտական տնօրեն Ֆյոդոր Լուկյանովը։ Նա նշել է, որ ռազմական գործողությունների վերսկսման պարագայում Ռուսաստանը կմիջամտի, սակայն ռազմական միջամտություն չի դիմի, մինչև այդ լոկալ հիմնախնդիրը չլուծվի։ «Ռուսաստանը միանշանակ կմիջամտի՝ փորձելով դադարեցնել գործողությունները, հրավիրել համանախագահների ուշադրությունը իրավիճակին: Որեւէ արտաքին շահագրգռվածություն չեմ տեսնում հակամարտության սրացման հարցում: Ռուսաստանի համար դա միանշանակ ծայրահեղ վնասաբեր եւ անպետք մի բան է: Ինչ վերաբերում է այլ ուժերին, ապա ԱՄՆ-ն, օրինակ, զբաղված է իր գործերով, Թուրքիան՝ նույնպես, որի դիրքորոշումն արդեն իսկ պարզ է, դժվար թե ուղղակիորեն միջամտի, քանի որ ավելի կարեւոր գործեր ունի»,- նշեց նա: Դիտարկմանը, թե ինչպե՞ս են զարգանում հարաբերությունները Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան երկրների միջև և արդյոք Ռուսասատանի համագործակցությունը այդ երկրների հետ չի վնասում Հայաստանին, Լուկյանովն ընդգծեց, որ Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան միություն գոյություն ունենալ չի կարող: Նա հավելեց, որ վերը նշված երկրները ոչ մի դեպքում չեն կարող գործընկերներ լինել, մինչդեռ հնարավոր է, որ որոշակի ժամանակաշրջանում նրանց տեսակետները որևէ հարցի լուծման շուրջ համընկնում են, և նրանք միասին արդյունավետ լուծում են գտնում:
