ՀՀԿ կողմնակիցը ատրճանակ է ուղղել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի վրա
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ահազանագում է, որ Ջրառատի համայնքապետը սպառնացել է ՕՐՕ-ի համակրին։ «Այսօր Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում առավոտյան ՕՐՕ դաշինքի անցկացրած հաջող քարոզարշավից եւ գյուղացիների ջերմ ընդունելությունից, թերեւս, սրտնեղած՝ նույն գյուղի գյուղապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Սամվել Գալստյանի (սույն գյուղապետը ոչ անհայտ փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի բարեկամն է, իսկ գյուղն էլ՝ նույն Երանոսյանի ծննդավայրն է) կողմից կեսօրին սպառնալիքներ է հնչեցվել գյուղի բնակչի, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակրի հանդեպ։ Ընդ որում՝ գյուղապետի շրջապատը ներկայացնող անձանցից մեկը դաշինքի կողմնակցի վրա ատրճանակ է ուղղել։ Ատրճանակը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի կողմնակիցները խլել են նրա ձեռքից եւ վնասազերծել օրինախախտին»,-նման տեղեկատվություն է տարածել ՕՐՕ դաշինքի մամլո խոսնակ Արեգնազ Մանուկյանը: Ըստ տեղեկատվության՝ ուշագրավն այն է, որ ատրճանակով սպառնացողին կարգի հրավիրելու փոխարեն իրավապահ մարմինների ներկայացուցիչները ոստիկանության Էջմիածնի բաժին են բերման ենթարկել ՕՐՕ դաշինքի համակիրներին: Այս պահին իրավիճակին ծանոթանալու նպատակով Ջրառատում են գտնվում գեներալ Սեյրան Օհանյանն ու Արմեն Մարտիրոսյանը: Էջմիածնի քաղմաս են այցելել դաշինքի անդամ հանդիսացող պատգամավորները։ «Ոստիկանության ղեկավարության ներկայացուցիչները խոստացել են գեներալ Օհանյանին, որ անաչառ քննություն կիրականացնեն եւ օրինախախտման բացակայության պարագայում ազատ կարձակեն ՕՐՕ դաշինքի կողմնակիցներին»,-ասված է հաղորդագրության մեջ՝ հավելելով, որ ՕՐՕ դաշինքի նախընտրական շտաբը այս դեպքի առնչությամբ հանդես կգա հատուկ հայտարարությամբ:
