«Մենք սովորել ենք, որ նորից նույն թակարդը չընկնենք». վարչապետ
Այսօր Սյունիքի մարզի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ներկայացրել է ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, նախատեսվող բարեփոխումները և պատասխանել նրանց հուզող մի շարք հարցերի՝ տնտեսական զարգացման, աշխատատեղերի ստեղծման, պետական կառավարման համակարգի բարեփոխման, տարածքային ու համայնքային համաչափ զարգացման վերաբերյալ: Ինչպես ասել է՝ ՀՀԿ-ն վճռական է եւ հետեւողական: «Հայտարարում ենք, որ ուզում ենք փոխվել, փոխվում ենք ու փոխելու ենք: Մեր տնտեսական զարգացման ծրագրի հիմքում այն գաղափարն է, որ մեր երկրի հիմնական առավելությունը, հիմնական կապիտալը մարդն է՝ իր կարողություններով, ստեղծագործ աշխատանքով, և պետք է բոլոր պայմանները ստեղծենք, որպեսզի մարդը կարողանա իր աշխատանքով իր տունը պահել, իրեն ոչ ոք չխանգարի, արդարություն լինի, աշխատանքն արժանավայել գնահատվի, հնարավորություն տանք նրան, որպեսզի ստեղծի հավելյալ արժեք: Ներկայացրել ենք ծրագրեր ճյուղ առ ճյուղ՝ առողջապահություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, սոցիալական ոլորտ, կրթություն, նույնիսկ պետական կառավարման համակարգ: Երբ ասում ենք՝ պետք է փոխվենք և մեզանից պետք է սկսենք, առաջին հերթին նկատի ունենք պետական կառավարման համակարգը: Մենք շատ բան ունենք փոխելու, բայց ծրագրի մեջ խուսափել ենք ու չենք գրել արհեստական ու ականջը շոյող ոչ մի բան: Գիտենք՝ ինչ պրոբլեմ ունենք, ինչ հիվանդություն ունենք և ինչպես ենք շարժվելու առաջ: Մեզ սպասվում է քրտնաջան, կանոնավոր, ամենօրյա աշխատանք: Մենք իրականում շանս ունենք որոշ ժամանակ անց ունենալ բարվոք պետություն, որով բոլորս կարող ենք հպարտանալ», - դիմելով ներկաներին՝ ասել է ՀՀԿ առաջին փոխնախագահը: Ինչպես ասել է՝ ՀՀԿ-ում յուրաքանչյուր ոք կարող է տեսնել իրեն եւ իր տեսակին, ինչը մի կողմից դրական է, մյուս կողմից՝ քննադատությունների առիթ է դառնում: «ՀՀԿ-ն նաեւ կառավարման մեծ փորձ ունի՝ դրական ու բացասական, իսկ սխալների վրա մենք սովորել ենք, որ նորից նույն թակարդը չընկնենք: ՀՀԿ-ն հայտարարել է, որ փոխելու եւ փոխվելու անհրաժեշտություն կա»,- ասել է Կարապետյանը:
