Արփինե Հովհաննիսյանը երազը փոխելու ձևը գիտի
Սյունիքի Կապան քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ համապետական ընտրացուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող պատգամավորության թեկնածու Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ օրեր առաջ է Կապանում «Հայփոստ»-ի գրասենյակում բացվել պետական ծառայությունների գրասենյակը, որից հետո ստիպված տեղաբնակները չեն լինի դրա համար Երեւան հասնել, հերթեր կանգնել, ժամանակ ու ռեսուրսներ ծախսել: «Այստեղ արդեն գործում է Մոբայլ լուծումների կենտրոնը, իսկ մի քանի ամիս անց կսկսի գործել նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների երկամյա կրթության ուսումնական կենտրոնը: Առողջապահական ծառայությունների որակի հետ կապված խնդիրներ կան: Այս տարի արդեն ոլորտի աշխատողների գնահատման ծրագիր ենք իրականացնելու: Ծրագրերի ցանկը կարող եմ շարունակել, բայց ուզում եմ վստահեցնել, որ այդ ցանկի յուրաքանչյուր հատվածի առումով մենք ունենք հստակ պատկերացումներ եւ քայլերի հաջորդականություն: Եկեք միասին հավատով եւ վստահությամբ առաջ շարժվենք՝ դեպի մեր երազած երկիրը, առաջընթաց ապրող, անվտանգ եւ, իհարկե, արդար Հայաստանը»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
