«Կաշառքը երկնքից մանանա չէ. դուք դրա տասնապատիկը հետ պիտի տաք». Կիրո Մանոյան
Աբովյան քաղաքում նախընտրական հանդիպման ընթացքում ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ասաց, որ մարդիկ խոսում են Արցախի մասին, բայց միակ կուսակցությունը, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետություններում, թե՛ Սփյուռքում կառույց ունի, ՀՅԴ-ն է, և, որ իրենք դեմ են եղել Արցախում առաջարկվող սահմանադրական փոփոխություններին:Այնուհետև նշեց նաև, որ հարկավոր է սերտացնել հարաբերությունները Վրաստանի հետ, որովհետև դրանք և՛ պատմական հիմք ունեն, և՛ շատ այլ օբյեկտիվ պատճառներ: «Անկախ նրանից, թե արտաքին ջակատում անվտանգության տեսանկյունից մեզնից յուրաքանչյուրը՝ Վրաստանը կամ Հայաստանը որ ճամբարում են, մենք պետք է կարողանանք գործակցել միմյանց հետ շատ ավելի սերտ ձևով, ոչ թե՝ ի վնաս Ջավախքի հայության: Դրա համար Ջավախքի հայությունը չպետք է գին վճարի»,- ասաց նա: Անդրադառնալով կուսակցություններին, նշեց, որ կան կուսակցություններ, որոնք անուն են փոխել, բայց դեմքերը նույնն են մնացել. «Մենք նման խնդիրներ չունենք: Մենք բաց ճակատով ներկայանում ենք ժողովրդին, ինչքան քվե ենք ստացել ժողովրդից եւ այս ստացած մանդատներով ինչ գործ ենք կատարել: Նայեք մնացած ութ կուսակցություններին եւ տեսեք՝ նրանցից ո՞ր մեկը կարող եք համարել որպես թիմ, որն ունի միասին աշխատելու փորձ, իսկապես գաղափարախոսություն, ծրագիր: Խոսքը չի վերաբերում ընտրությունից ընտրություն նախընտրական ծրագրեր պատրաստելու, ժողովրդին բաժանելու մասին»: Կիրո Մանոյանն անդրադարձավ նաեւ ընտրակաշառքներին՝ նշելով. «Ինչքան էլ կաշառք տան, վստահ եղեք, որ առաջիկա հինգ տարիներին դուք դրա տասնապատիկը, հարյուրապատիկը հետ պիտի տաք նրան, ով ձեզ այդ կաշառքը տալիս է: Կաշառքը երկնքից մանանա չէ»:
