Մարզպետարաններում պարապուրդ է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին մարզպետարանները մատնված են պարապուրդի եւ անգործության: Մարզպետարանների աշխատողներն ամբողջովին սուզվել են ընտրական գործընթացների մեջ՝ անտեսելով իրենց անմիջական պարտականությունների կատարումը: Բացի այդ` մարզպետարանների ղեկավար կազմի զգալի մասը ՀՀԿ կամ ՀՅԴ ռեյտինգային ընտրացուցակներով առաջադրվել է պատգամավորության թեկնածու, եւ ներկայումս գտնվում է արձակուրդում: Արձակուրդ են մեկնել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը. վերջին երկուսն առաջադրվել են ՀՀԿ ցուցակով: Իսկ մյուս մարզպետարանների դեպքում արձակուրդ են մեկնել փոխմարզպետներն ու վարչությունների պետերը: Օրինակ՝ Կոտայքի մարզպետի երեք տեղակալներն էլ արձակուրդում են, իսկ Շիրակի մարզպետարանից արձակուրդ է մեկնել միանգամից հինգ հոգի, իսկ ահա Սյունիքի մարպետարանում, բացի Վ. Հակոբյանից, արձակուրդում են վարորդը, մամուլի խոսնակը, խորհրդականը, օգնականն ու աշխատակազմի ղեկավարը»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
