ՊԵԿ-ում իրականացվող կադրային փոփոխությունները նախընտրական շրջանում քաղաքական երանգ են ստանում
Պետեկամուտների կոմիտեում շարունակվող կադրային փոփոխությունները նախընտրական շրջանում նաև քաղաքական երանգ են ստանում։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Կապանի հարկային տեսչության պետ Դավիթ Ղալումյանին պաշտոնանկ են արել։ Նրա փոխարեն նշանակվել է տեսուչներից մեկը՝ Դավիթ Դավթյանը: Ի դեպ, Դավիթ Ղալումյանը նախկինում եղել է Գյումրու, Երևանի Մաշտոցի հարկային բաժնի պետ։ Նա Իջևանի ԲՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղալումյանի ազգականն է։ «Ընդամենը մի քանի օր Արաբկիրի հարկայինի պետի տեղակալ աշխատած Սուրիկ Էլոյանն էլ այժմ տեղափոխվել է Էրեբունու հարկայինի պետի պաշտոնին: Հետաքրքիր է` այստեղ քանի ժամ կհասցնի պաշտոնավարել: Նշենք, որ Վարդան Հարությունյանի կադրային փոփոխություններին ՊԵԿ-ում մի բացատրություն են տալիս՝ նորանշանակ պետը յուրայիններին է բերում, իսկ նրանք, որպես կանոն, առանձնապես ուժեղ և հմուտ կադրեր չեն և, դժվար թե, ինքնուրույն գործոն դառնան և անկախ գործունեություն ծավալեն», - հավելել է թերթը։
